Քառօրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հարությունյանն այսօր կդառնար 24 տարեկան։ Մայրը՝ տիկին Անահիտը, NEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ  մինչեւ հիմա սպասում է որդուն։

«Առավոտյան շքամուտքի դուռը բացեցի, որ մաքրեմ, տեսա, որ աստիճաններով զինվոր է իջնում, մի պահ վախեցա, ճչացի, զինվորն էլ հետս վախեցավ։ Ինձ թվաց Գրիգորն է ներս մտնում։ Ինձ ինչ–որ բան հուշում է, որ Գրիգորը ողջ է, եւ գերի է ընկել»,– նշեց նա։

Գրիգորի եւ մոր վերջին խոսակցությունը ապրիլի 1–ին է եղել, որդին տեղեկացրել է, որ դիրքեր է բարձրանում՝ հայրենիքը անառիկ պահելու համար ու խնդրել, որ իր նկարած եկեղեցու լուսանկարը պահի՝ մինչեւ իր վերադարձը։

Տիկին Անահիտի ականջներում մինչ օրս լսելի են ապրիլի 1–ի լույս 2–ի գիշերը երազում տեսած ռումբերի, կրակոցների եւ որդու օգնության կանչը։

«Ես էդ ամբողջ գիշեր չեմ քնել, միշտ Գրիգորի օգնության կանչն էի լսում»,–  ասաց նա։

Գրիգոր Հարությունյանը դիպուկահար էր։ Մոր խոսքով՝ առաջիկայում բացվելու է նրա անվան հրաձգարանը, որտեղ ինքը եւս կդասավանդի ու այդ կերպ կշարունակի Գրիգորի կիսատ թողած գործը։ Անահիտ Հարությունյանը 2016թ.–ից առ այսօր տարբեր կազմակերպությունների հետ մեկտեղ հումանիտար օգնություն է ցուցաբերում այն բոլոր զինվորներին, որոնք դրա կարիքն ունեն։

Հիշեցնենք՝ Գրիգոր Հարությունյանը զոհվել է ապրիլի 2–ին։ Նա ապրիլյան պատերազմում 18 անհետ կորած զինվորներից  էր, որոնց մարմինները շաբաթներ անց վերադարձրին հայկական կողմին։ Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով: