Սերժ Սարգսյանի հարցազրույցը նայելիս շատ բաների հետ կարող ես չհամաձայնվել, բայց սկսում ես մտածել, ծանրութեթր անել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը

«Առաջին բառից մինչև վերջինը կառանձնացնեի։ Մարդիկ, որոնք բացասական են գրում, հաղորդումը չտեսած և չլսած մարդիկ են։ Կարող ես վիճել, շատ բաների հետ չհամաձայնվել, բայց սկսում ես մտածել, ծանրութեթև անել, համեմատել։ Մտածեք, էլի նայեք հաղորդումը, վնաս չէ։ Մաստեր կլաս էր ինչպես երկրորդ նախահագի հարցազրույցը։ Լսում ես երկրի ցավով ապրող, տառապող նախագահներ։ Երեկ շատ լավ էի ինձ զգում, մտածում էի՝ Աստված իմ, ինչ լավ է, որ չեմ սխալվել»,- նշեց Շուշան Պետրոսյանը։

Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ անսպասելի էր, որ Հայկ Մարությանը կարող էր դուրս գալ հրապարակ և հանրության բաժանել սևերի և սպիտակների։

«Ես շատ լավ հիշում եմ, որ Հայկ Մարությանը տարբեր լրատվամիջոցներով առիթը բաց չէր թողնում ասելու, թե իմ ինչին էր պետք քաղաքականությունը, ես պետք է երգեի։ Ես երկրիս ծառայել եմ և ծառայում եմ մինչև հիմա, իր ծառայությունը դեռ չեմ տեսել։ Տեսել եմ, որ մի ամբողջ ազգի բաժանեց սևերի և սպիտակների և դա արեց հրապարակավ։ Ես իրեն համարում եմ ինտելեկտուալ  մարդ։ Բայց ինձ համար պարադոքս է՝ ոնց կարող է մեր ընկեր Հայկոն դուրս գա հրապարակ և խեղկատակի շարժումներ անել և բաժանի սևի և սպիտակի, ինչը շատ ողբերգական եղավ»,- ասաց Շուշան Պետրոսյանը։

Ըստ Շուշան Պետրոսյանի, ի տարբերություն այժմ իշխող ուժ կազմող պատգամավորների, ինքը պատգամավոր եղած ժամանակ միշտ ծառայել է Հայաստանին։

Եթե հաշվի առնենք այն երգերը, որոնք երգել եմ ամբողջ կյանքի ընթացքում, ապա միշտ էլ քաղաքականության մեջ եմ եղել և երբեք քաղաքականության մեջ չեմ եղել։ Ես 6․5 տարի որպես պատգամավոր ծառայել եմ հայրենիքիս։ Իսկ հիմա այնտեղ նստած մեծամասնություն կազմող խրտվիլակներից որևէ մեկի աշխատանքը չեմ տեսել։ Բայց կարդում եմ, որ այսինչը նոր տուն է գնել, նոր ավտոմեքենա է գնել։

 Շուշան Պետրոսյանը բոլորին կոչ արեց փետրվարի 20-ին գնալ Ազատության հրապարակում նշանակված հանրահավաքին՝ նշելով, որ ժամանակն է ազատվել չարիքից։

«Ողբերգություն է, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն իր աթոռին է։ Ըստ էության՝ որևէ պոռթկում ես չեմ տեսնում, որն ինձ շատ վախեցնում և մտահոգում է։ Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում։ Կամ պետք է Հուդա լինես, որ 30 արծաթով ծախես երկիրը կամ պետք  է լինես օտար։ Եթե օտար չեն, սարսափելի մեղքի տակ են։ 5000-ից ավելի երեխաների արյունն է իրենց ձեռքերին։ Ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը մասնակից են այդ երեխաների կոտորածին։

Պարզ է, որ այսպես շարունակվել չի կարող։ Պետք է դուրս գալ հարմարավետ կոմպյուտերային անկյունիկներից դեպի փողոց։ Ես անում եմ այդ կոչը՝ դուրս եկեք, փետրվարի 20-ին եկեք հրապարակ, ես էլ եմ այնտեղ լինելու և շատ-շատերն են այնտեղ լինելու։ Մարդիկ, որոնք զգում են ողբերգությունը, հրատապությունը այս չարիքից ազատվելու թողեք ձեր անկյունները և եկեք հրապարակ»,- ավելացրեց Շուշան Պետրոսյանը։