Կառավարության նոր որոշմամբ պետությունն իր վրա է վերցնում նաեւ սահմանային բնակավայրերում բնակվող դպրոցականների համար դասագրքեր գնելու ծախսերը: Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ ավելի վաղ որոշում էր կայացվել, ըստ որի սահմանամերձ բնակավայրերում գազի մինչեւ 360 խմ սպառման դեպքում գումարի 50 տոկոսը վճարում է պետությունը, մինչևեւ 1440 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի սպառման դեպքում պետությունը եւս սուբսիդավորում է 50 տոկոսը:
Պաշտոնյան հավելեց, որ պետությունը վճարում է նաեւ գումարի կեսը ոռոգման նպատակով օգտագործվող ջրի համար: «Նոր համայնքների բնակիչների համար գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցումը դուրս կգրվի 2021 թվականի փետրվարի 1-ից ընկած ժամանակահատվածի համար: Հողի եւ անշարժ գույքի հարկը ամբողջությամբ վճարվում է պետության կողմից: Նոր համայնքների բնակիչների համար այդ հարկերի փոխհատուցումը, ինչպես նաեւ ոռոգման նպատակով օգտագործվող ջրի համար գումարի կեսը դուրս կգրվի 2021 թվականի հունվարի 1-ից ընկած ժամանակահատվածի համար»,- ասաց Խաչատրյանը:
Հակառակորդի կողմից ագրեսիվ գործողությունների արդյունքում բնակելի շենքերի ավերածությունների դեպքում պետությունը, ինչպես հավաստիացրեց փոխնախարարը, կփոխհատուցի տան վերականգնման ծախսերը: «Սահմանային բնակավայրերի բնակիչը, ով խաղաղ ժամանակ հակառակորդի կրակոցից կամ ականի պայթյունից հաշմանդամություն է ստացել, աջակցություն կստանա: Առաջին խմբի հաշմանդամներին 3 միլիոն դրամ կտրամադրվի, երկրորդ խմբի հաշմանդամներին` 2 միլիոն դրամ, երրորդ խմբի հաշմանդամներին` 1 միլիոն դրամ: Եթե վերոնշյալի արդյունքում հաշմանդամություն երեխա ստանա, ֆինանսական աջակցության չափը 3 միլիոն դրամ կկազմի: Վերոնշյալի արդյունքում անձի մահվան դեպքում մահացածի ընտանիքը 5 միլիոն դրամ կստանա»,- պարզաբանեց փոխնախարարը` չբացառելով, որ աջակցության ծրագրերը կարող են ընդլայնվել:











