Ակնհայտ է, որ ՍԴ նախկին կազմի պարագայում, որտեղ պաշտոնավարում էին բացառապես պրոֆեսիոնալ դատավորներ, որեւէ ազգակործան նշանակություն ունեցող փաստաթուղթ չէր կարող հավանության արժանանալ, առավել եւս, որ դրա բովանդակությունը կարող էր հակասել ՀՀ Սահմանադրությանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը:
Նրա խոսքով, այդ վտանգը շարունակում է պահպանվել, որովհետեւ չի բացառվում, որ ինչ-որ մի օր այս ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք իրավական իմաստով ունեն ամենապրիմիտիվ ձեւակերպումը, որովհետեւ դա ընդամենը հայտարարություն է, փորձեն իրավական լուրջ փաստաթղթի տեսք տալ:
«Ոչ ոք չէր կարող մտածել, որ Արցախյան խնդրի հանգուցալուծումը կարող է արտահայտվել ամենապարզ, իրավական ակտի կարգավիճակ չունեցող մի փաստաթղթով: Եթե դա պետք է լիներ միջազգային համաձայնագիր, ապա պետք է անցնի վավերացման գործընթաց: Այսինքն ՍԴ-ն պետք է տա դրական եզրակացություն դրա՝ Հայաստանի Սահմանադրության դրույթներին համապատասխանության վերաբերյալ: Ես վստահ եմ, որ ՍԴ-ի դեմ սկսված այդ հակաօրինական արշավը, մասն էր կազմում այն հրեշավոր, հանցավոր ծրագրի, որին աշնանն ականատես եղանք»,-ասաց Ղազարյանը:











