Իմ 40 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ոստիկանության այսպիսի ցածր, անմակարդակ, անխելք, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ հիշում։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։
«Ծիծաղելի մարդկանց դեմքերի հավաքածու է։ Այս գավառական տղայի, որ այսօր ոստիկանապետ է համարվում, նպատակը ոչ թե աշխատանքի արդյունավետության բարձրացումն է, այլ դասընկերոջը՝ իշխանության ղեկին մի փոքր երկար մնալն ապահովելը»,– ասաց նա։
Նախօրեին ոստիկանության այն հայտարարությունը, թե որոշ գործատուներ պարտադրում են իրենց աշխատողներին գնալ հանրահավաքների, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան համարում է երեխայական, լակոտային արձագանք սպասվող հանրահավաքին. «Ձեզնից զզված մարդկանց պիտի պարտադրե՞ն գնալ հանրահավաքի, հա՞։ Բոլորին կոչ եմ անում գալ այս ստուգատեսին, որպեսզի որոշենք մեր երկրի ճակատագիրը»։
Գագիկ Համբարձումյանը ընդդիմության քայլերի հաջողությունը պայմանավորում է հանրահավաքներին շատ մարդկանց ներկայությամբ, քանի որ դա կհամարվի ժողովրդի կամաարտահայտություն, իսկ երբ քիչ թվով մարդիկ փորձեն իշխանափոխություն իրականացնել, դա կարող է դիտարկվել բունտ, տեռորիստական ակտ, հեղաշրջում։
«Չկա պատմության մեջ մի բռնապետական ռեժիմ, որն իր լծակներն օգտագործի երկրի կործանման, տարածքների վաճառքի համար։ Այդպես է միայն մեր երկրում։ Այս իշխանություններն իրենց հանցավոր գործունեությամբ ոտնահարել են Սահմանադարությունը և պայքարի սահմանադրական ընդգծված եղանակների մասին խոսելն արդեն տեղին չէ»,– ասաց նա։
Հարցին, թե երկարամյա իր փորձի ի՞նչ է հուշում՝ Հայաստանի որևէ ղեկավար այսքան մեծ ոստիկաններով, թիկնազորով շրջել է, ինչպես Նիկոլ Փաշինյանը, նախկին փոխոստիկանապետն ասաց, որ այն բոլոր արատավոր երևույթները, որոնք այս իշխանությունն ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր, այսօր նույն արարքները ոչ միայն շարունակում է, այլև վատ իմաստով հասցրել է կատարելության, դա վերաբերում է կոռուպցիային, արդարադատությանը, ժողովրդավարությանը. «Ոստիկանապետությանը բնորոշ հատկանիշները՝ ուժի կիրառումը, ոստիկանական ողջ գործիքակազմը հասցրել են բարձրագույն մակարդակի։ Նման բան նախորդ իշխանությունների տարիներին երբեք չի եղել»։
Ավելին, ըստ նրա, այս իշխանության միակ հենարանն այսօր ոստիկանությունն է։
Ինչ վերաբերում է ներքին գործերի նախարարություն ստեղծելու Փաշինյանի հայտարարությանը, Գագիկ Համբարձումյանը կարծում է, որ էական հանգամանք է, թե ով է այդ «բարեփոխում» իրականացնողը և ինչ նպատակ ունի։
«Այս իշխանությունները երկրի համար որևէ լավ բան անելու նպատակ չունեն։ Նրանց միակ նպատակը հանցավոր իշխանությունն ամեն գնով պահելն է։ Իսկ ոստիկանությունն այսպես կգործի, թե նախարարության կազմում դա բարեփոխում չէ, ընդամենն իրավիճակային փոփոխություն է։ Այդ նախարարության ղեկավարն արդեն կարող է լինել ոչ իրավաբան, համակարգի մասնագետ, այլ իրենց նվիրված ու ամեն ինչին պատրաստ և ունակ անձնավորություն»,– ասաց նա։
Իսկ իրականում ոստիկանությունը, ոլորտի երկարամյան նախկին պաշտոնյայի կարծիքով, կարիք ունի լուրջ, բովանդակային բարեփոխման, անգամ ոստիկանների թվաքանակի կրճատման։











