Վաղվա հանրահավաքը նախապատրաստվում էր վաղուց, ակնկալում ենք, որ այն բազմամարդ կլինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Արա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ ժամանակ ունեին գիտակցելու տեղի ունեցածն ու հասկանալու, որ Արցախում տարածքների կորուստը վերաբերում է նաեւ Հայաստանին, որ պետք է միասին պայքարել, եւ որ ամենակարեւորը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն է:
«Սա պայքար է ոչ թե իշխանության, այլ մեր պետության ապագայի համար: Հանրահավաքի ժամանակ գործողությունները եւ քայլերը կախված կլինեն քաղաքացիների ակտիվությունից: Մենք ապրում ենք ոստիկանական պետությունում, քանի որ իշխանությունը ժողովրդի ակտիվությունը ճնշելու համար ուժային ռեսուրս է կիրառում: Դրան պետք է պատրաստ լինել: Պետք է գիտակցել, որ պայքարը կլինի երկար եւ ծանր:Հանրահավաքի թիվ մեկ խնդիրն է ազատվել Փաշինյանի իշխանությունից: Սյունիքում մեծ հանրահավաքի անցկացումը լուրջ ազդեցություն կունենար, քանի որ Արցախից հետո հենց Սյունիքն է սպառնալիքի տակ գտնվում»,-նշեց նա:
Հակոբյանի պնդմամբ՝ Փաշինյանի աջակիցները եւս հակաազգային ուժեր են:
«Քանի դեռ արմատախիլ չենք արել այդ երեւույթը, մենք չենք կարողանա հաջողության հասնել արտաքին քաղաքականության մեջ: Այդ ողջ ընթացքում կարեւոր բացթողում եմ համարում այն, որ 1990-ական թվականներին մեր ռազմական հաղթանակը չենք կարողացել վերջնականապես վերածել դիվանագիտական հաղթանակի»,-պարզաբանեց քաղաքական գործիչը:
Նա նկատեց, որ իշխանությունը ոչ միայն չի կարողանում վերադարձնել գերիներին եւ գտնել անհետ կորածներին, այլ նրանց թիվը գնալով ավելանում է:
«Նրանք որոշել են խուսափել այդ թեմաներից՝ ասելով, որ դրանով զբաղվում են Պուտինն ու Մուրադովը: Ընդ որում, առաջ են տանում կեղծ թեզ այն մասին, որ ընդդիմությունն իրենց խանգարում է: Ներկայիս իշխանությունը պարզապես ունակ չէ եւ չի ցանկանում լուծել այն խնդիրները, որոնք չեն ներկայացնում իր իշխանությունը: Ավելին, Ալիեւն ակնհայտ ազդեցություն ունի Փաշինյանի վրա, նա Փաշինյանին վերաբերվում է ծառայի նման, եւ դրա համար նա ունի բոլոր հիմքերը»,-եզրափակեց նա:











