Երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել են պատասխաններ: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրինակ այն շեշտադրումները, որ նա անում է իր հարցազրույցի ընթացքում, այդ շեշտադրումներով ինքն ու իր հանրային թիմը չեն վարել հանրային քաղաքականություն: Այդ շեշտադրումները որեւէ կերպ արտացոլված չեն եղել իրենց թե հանրային քաղաքականությունում, թե խոսքում,օրինակ, 2017-ի նախընտրական ժամանակաշրջանում կամ թեկուզ 2018-ի արտահերթ ընտրություններ ընթացքում: Չեն եղել նաեւ այն ընթացքում, երբ 2019-ին, երբ չի եղել որեւէ նախընտրական գործընթաց կամ 2020-ին պատերազմի ընթացքում: Հակառակը, հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թեւում:

Ընդ որում, եթե նույնիսկ քաղաքական դաշտից դուրս նայենք, ցանկացած շերտ, որը փորձ է կատարել որեւէ կերպ այլ դիսկուրս ներմուծել քաղաքական դաշտ, արժանացել է ծայրահեղական պիտակումների: Այստեղ հարցերի հարցն այն է՝ ինչի՞ էին սպասուն նրանք, ինչու է այս հարցազրույցը այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա»,-ասաց նա՝ հրաժարվելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանձին դրվագների անդրադառնալ: