Արցախյան պատերազմում նահատակված Սուրեն Մելիքբեկյանի և Ալեքսան Սիմոնյանի անուններով այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեցին նրանց անվան լսարաններ։

«Ալեքը և Սուրենը դարձան հավերժ ուսանողներ։ Նրանց հոգիները միշտ այս լսարաններում կլինեն»,- ասաց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։

Սուրեն Մելիքբեկյանի հետ մտերիմների կապն ընդհատվել է պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից։ Սուրենի աճյունը հայտնաբերվել է նոյեմբերին։

«Սուրենը անվճար էր ընդունվել համալսարան և կարմիր դիպլոմով էր ավարտել այն, այնուհետև անցել էր պայմանագրային զինծառայության։ Ամեն հարցում Սուրենը գերազանցիկ էր»,- նշեց Սուրեն Մելիքբեկյանի մանկության ընկերուհի Նարե Ծատուրյանը։

Պատերազմի ընթացքում Ալեքսան Սիմոնյանը Մարտակերտից տեղափոխվել էր Մարտունու Ճարտար գյուղ։

«Ասում էր, որ ավելի հարմար դիրք է իր համար ու դիմացը հենց գյուղի բնակիչներն են, և իրենք նրանց են պաշտպանում։ Ալեքի կամավոր ընկերը մեզ պատմեց, որ Ալեքն ասում էր՝ ես զոհվելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր պայքարի արդյունքը ջուրը կընկնի»,- պատմեց Ալեքսան Սիմոնյանը։

Ալեքսան Սիմոնյանը նահատակվել է հոկտեմբերի 30-ին Ճարտար գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածից։