Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։
«Սա մի պատմություն է, թե ինչպես մեր իշխանությունները վախեցան մի ներկայացումից։ Թե դատարանում էր քննարկվում դրա բովանդակությունը, թե ոստիկանությունում ու հետո նաեւ քննիչի մոտ։ Չգիտեմ ինչի, ինչ որ մարդիկ բռնության կոչեր են տեսել, երբ ես ասել եմ մահ դավաճաններին, հիմա էլ կրկնում եմ։ Ինչ որ դավաճաններ վախեցել են, որ իրենց նկատմամբ բռության կոչ է իմ ասածը ու հայտնի «թուրք քրֆելու» հոդվածով սա արդեն 3-րդ քրեկան գործն է կապված իմ անվան հետ։ Սա շատ ծիծաղալու է։ Փաստաբանը դատի ժամանակ դիպուկ նշեց եւ ասաց, որ եթե Չաուշեսկուի գնդակահարումը, որը պատմական փաստ է, վախեցնում է ինչ որ մեկին՝ երկրի իշխանություններին, ապա պետք է արգելել Օթելլոյի բեմադրությունը, կամ Ռոմեո եւ Ջուլիետը, Համլետը, պատռենք Րաֆֆու Սամվելի վերջին երեք էջը»,- լրագրողներին ասաց Մալյանը։
Մալյանը կրկին նշեց՝ Չաուեսկուները գնդակահարվելու են, ինքն էլ ցույց է տալու հասարակությանը, թե ինչի մեջ են նրանք հայտնվել, ցույց է տալու, թե ինչքան վատ վիճակում ենք որպես պետություն ու անմեղ ներկայացումը իշխանությունների մոտ կարող է տագնապ առաջացնելու ու նույնիսկ առանց հարուցված քրեական գործի, փորձեն իրեն առեւանգման փորձ անել ու շարունակելու է պայքարը։
Լրագրողների հետ զրույցում Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ շուտով հաղորդում կներկայացնեն հանցագործության մասին՝ կապված ոստիկանության գործողությունների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աթանեսյանը տեղեկացրել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը, սակայն մինչ այդ նա ձերբակալվել էր։











