2018 թվականին Հանրային ռադիոյի շենքի գրավման մասին հիշատակումներն այժմ անտեղի են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ երբ իրենք մտել են Հանրային ռադիոյի շենք, ոստիկաններից մեկը ցանկացել է զենք կիրառել, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից, քանի որ համոզվել է, որ մարդիկ մտադիր չեն բռնություն գործադրել: «Բացի այդ, այդ ժամանակ եթեր էր պետք, այդ պատժառով անտեղի է համեմատել Ռադիոյի տան շենքի գրավումն ու կառավարական շենքերի ջարդը»,-նշեց Սիմոնյանը՝ չպարզաբանելով, թե ինչ պատճառով էր 2018 թվականի ապրիլի 14-ին «թավշյա հեղափոխության» կազմակերպիչին եթեր պահանջվել Հանրային ռադիոյում, որի վարկանիշը զգալիորեն ցածր է առաջատար տեղեկատվական ռեսուրսներից, որոնք այդ ամենը հեռարձակում էին ուղիղ եթերով: Նա նաեւ վստահեցրեց, որ 2018 թվականին բոլոր ակցիաները խաղաղ բնույթ են կրել:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, Սիմոնյանն աջակցեց շենքերի պաշտպանության անհրաժեշտության մասին միտքը: «Իշխանությունն օրենքի սահմաններում կպաշտպանի իրավակարգը: Եթե ինչ-որ մեկը դեմ է դրան, ապա ես պատրաստ եմ նրա հետ բանավիճել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել էր. «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաեւ մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու»: Իր հերթին, «Հայրենիքի փրկության» շարժումը հարց էր ուղղել, թե արդյո՞ք իշխանությունը կկրակի այն փամփուշտներով, որոնք պետք է օգտագործվեին թշնամու դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիային հակահարված տալու շրջանակում: