Իշխանության կողմից կողմից ցանկացած հակազդեցություն քաղաքացիների օրինական իրավունքների նկատմամբ ոչ միայն կոշտ արձագանքի է արժանանալու, այլ նաեւ հետագայում միջազգային կառույցների տեսանկյունից բերելու է Հայաստանի նկատմամբ ամենախորքային գնահատականների։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Շատ տրամաբանական է խոսել իրավունքի, իրավական ընթացակարգերի եւ դրա հակազդեցության մեթոդների մասին, երբ մենք գործ ունենք իրավունքը հարգող իշխանության հետ։ Ես ընդգծված իրավական հայտարարություն եմ հիմա անում։ Երբ իշխանությունն իրեն դրել է օրենքից դուրս, ինքը գործում է անսահմանադրականությամբ, երբ ինքը չի հարգում սահմանադրությունը, քաղաքացիների ցույցեր անելու իրավունքը, խոսքի ազատությունը, արժանապատվությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը, այդ դեպքում ապստամբության իրավունքը գեղեցիկ ձեւակերպում է, որի տակ տարբեր իրավական տարրեր են, եւ դրան նրանք չեն կարող արձագանքել բռնի ուժով։ Բայց երբ որ իրենք գործում են ամբողջովին անօրինական վիճակում, ապօրինություններ են անում եւ այդ ապօրինություններով մարդկանց օրինական իրավունքներն են խոչընդոտում, այստեղ պետք է նկատի ունենանք, որ իրենց կողմից ցանկացած հակազդեցություն օրենքից դուրս է, իրենց կողմից ցանկացած հակազդեցություն քաղաքացիների օրինական իրավունքների նկատմամբ ոչ միայն կոշտ արձագանքի է արժանանալու, այլ նաեւ հետագայում միջազգային կառույցների տեսանկյունից բերելու է Հայաստանի նկատմամբ ամենախորքային գնահատականների»,- նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ այսօրվա պարզաբանմանը՝ Հովհաննիսյանը նշեց. «Տեսնելով ժողովրդի ցասումը, արձագանքը եւ հակազդեցությունը փորձեց խմբագրել իր ասածը։ Խմբագրելու բան չկա։ Իրենք ընդամենն արտահայտել են այն ցանկությունը, պատրաստակամությունը, որոնք իրենք բարոյապես ունակ են կատարելու։ Բարոյական տեսանկյունից այս իշխանություններն ընդունակ են նման քայլ անելու, քաղաքական եւ իրավական տեսանկյունից զրկված են։ Նրանք ամորձատված են, ամուլ են եւ նման քայլի չեն գնալու թեեւ նրանց մեջ շատ են նման ցանկություն ունեցողները եւ դրան պատրաստ դավաճան ստահակաները։ Անդրանիկ Քոչարյանի բերանով փորձել են ամենավատ սցենարն ուրվագծել»։
«Ինչպես տեսաք Նիկոլ Փաշինյանը մի մասնաշենքից մյուս մասնաշենքը դիմակով բայց ականջներին առանց խցնաերի անցնում էր եւ լսում էր այն ամենը ինչին ինքն արժանի է եւ մի բան էլ պակաս։ Այդ վախին, ցասմանը համահունչ ոստիկանությունը բռնի, բինտ, անհամաչափ ուժեր կիրառում ինչի համար, որի համար օրենքով սահմանված կարգով պատժվելու է եւ դրանով չի վախեցնելու որեւէ մեկին։
Նիկոլ Փաշինյանն անսկզբունք, ձախողված, ամեն ինչի ունակ քաղաքական գործիչ է, որն իր ամբողջ կյանքում ինչ ասել է, ինչի դեմ պայքարել է, դա անում է։ Ինքը քաղաքական ձախողակ է, որը հեռանալու է։ Ժողովրդի ցասման ալիքը, հետշոկային Հայաստանը մաքրելու է այս քաղաքական գործչից եւ չի հաջողվելու իրեն որեւէ ընդդիմադիր քաղաքական գործչի ճնշել։ Հայաստանի քաղաքացին որեւէ պարագայում չի կարող հարմարվել այն ամենի հետ, ինչ-որ արել է այս պետության գլխին դավաճան, մարդասպան Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը։











