Բանակը եւ երեկ, եւ այսօր հավաքվել են հրամանատարները եւ որոշել են, որ իրենք մինչեւ վերջ անսասան կանգնելու են: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այս ամենը կարող էր ուրիշ ձեւ լինել, եթե ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ տուրիստ, որ 5 աստղանի դղյակում է ապրում է, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին  պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք:

Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որ մեր օրենքներով գերագույն իշխանությունն է: Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետությանը: Իրենցից մենք միայն մեկ աշխատանք ենք պահանջում՝ հավաքվել եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակած է, գնացեք փակեք այն մուտքերը, տղերք առաջ: Գնացեք էնտեղ վրաններ խփեք, կփակենք այդ մուտքը, որպեսզի որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենքը: Բայց կկարողանա՞նք պահել: Մեզ պետք է, որ այստեղ ամեն գիշեր 200-300 հոգի մարդ լինի, պաշտպանեն վրանները: Մենք շրջափակում ենք Ազգային ժողովը, եւ ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունելու մեր պետության համար հարիր որոշում: Իսկ մինչ այդ փակեք մյուս մուտքերը»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքից հետո քաղաքացիները շրջափակեցին ԱԺ մուտքերը: