Հայրենիքի փրկության շարժումը նախագահ Արմեն Սարգսյանի հրավերը կընդունի միայն մի պարագայում, եթե հանդիպումը տեղի ունենա իրենց առաջարկած օրակարգով։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Բաղրամյան պողոտայում հրավիրված ասուլիսին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Չգիտենք՝ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցրել է իր այս նախաձեռնությունը, թե ոչ։ Եթե իրենց պետք է մի տեսարան, որտեղ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հետ մեկ սեղանի շուրջ կնստի, ինչպես երեկ ԳՇ-ում նման տեսարան ստացան, ապա ասեմ, որ այդ հաճույքը մենք իրենց չենք պարգեւի։ Բայց, եթե իրականում ուզում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնեն, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը՝ մեր օրակարգով»,- ասաց նա։

Նշենք, որ նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին  մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրել էր հանդիպման։

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ ասելով, որ վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ հայտնեց, որ իրենց  առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Շարժման խորհուրդը պահանջում է նաեւ, որ հանդիպումներն անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ։

Հարցին, թե չեն կարծո՞ւմ, որ շարժման այս հայտարարությունն ավելի կխորացնի ճգնաժամը, Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենց առաջարկած օրակարգը ճգնաժամի հաղթահարման արդյունավետ լուծումն է։

Հայրենիքի փրկության շարժումը բացառում է ժողովրդի թիկունքում իշխանությունների հետ որեւէ պայմանավորվածություն, դրա համար էլ հայտարարում են, որ այդ հանդիպումը պետք է լինի հրապարակային։

«Եթե նախագահն ու վարչապետը անկեղծ են ու ցանկություն ունեն հարցերը լուծել,  ուրեմն այդ հանդիպման օրակարգը պիտի լինի այն՝ ինչ մենք ներկայացրել ենք։ Եթե այս հանդիպումը տեղի չունենա, ուրեմն դա իրենց կողմից հերթական ձեւական ինչ-որ քայլն էր, որ ուզում են լուծումներ գտնեն։ Եթե իրենք մտահոգ են, ապա ամեն ինչ պետք է անեն, որ այդ հանդիպումը տեղի ունենա»,- ասաց Սաղաթելյանը։