Վայրկյան առաջ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Այս վիճակով խաղաղվել չի կարող. լուծում է պետք։ Տեսել եք երկում համաճարակ է, տնտեսական ճգնաժամ, պատերազմ, զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, 50 հազար անտուն արցախցի։ Սյունիքի բնակչությունը տեսնում է ադրբեջանական զինվորներին, զինված. բնակիչը մտահոգ է իր անվտանգության համար։ Տեսնում ենք, որ տնտեսություն չկա, աշխատանք չկա, աղքատություն։ Այսօրվա իշխանությունն ասում է՝ իշխանությունը դա ժողովուրդն է, ժողովուրդն էսօր ճահիճի մեջ խորտակվում է։ Երկրում ներդրում չկա։ Տեսնում եք, որ ճանապարհները բացվել են, մարդիկ ուզում են գնալ։ Ամեն վայրկյան սա վատ ազդեցություն է թողում երկրի, ժողովրդի եւ տնտեսության վրա»,- նշել է Ծառուկյանը։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ եւ այն հարցին՝ արդյոք կուլիսային հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լինո՞ւմ են, Ծառուկյանն արձագանքել է.

«Եթե հանդիպում լիներ, ուրեմն բոլոր լրատվական ծառայություններին տեղյակ կպահեինք։ Ես գիտեմ՝ ովքեր են այդ լուրերը տարածողները, եւ ինչի համար են տարածում։ Ես չեմ ուզում մանրամասնել՝ ինչու են տարածում։ Ես Հայրենիքի փրկության շարժման անդամներին հանդիպել եմ, տեղյակ եմ պահել իմ տեսակետի մասին։ Ես իրավունք ունեմ իմ տեսակետն ասելու, իմ ծրագիրը ներկայացնելու։ Շարժման ներսում քննարկումների ժամանակ լինում են տարբեր կարծիքներ, ես էլ ունեմ իմ կարծիքը։ Այսօր անհրաժեշտ է հարցին լուծում։ Ես այդ լուծումն էլ գիտեմ»։

Հարցին՝ արդյոք այդ լուծումների մեջ մտնո՞ւմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելը, Ծառուկյանն ասել է. «Դա վայրկյան շուտ է պետք։ Ինչքան շուտ ձեւավորվի նոր իշխանություն, նոր կառավարություն, այնքան այս ամենը կկանգնեցվի։ Ամեն վայրկյան ի վնաս է աշխատում ժողովրդին եւ տնտեսությանը»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը պատկերացնում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, Ծառուկյանը պատասխանել է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, եւ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Այդ ժամանակ ժողովուրդն ում վստահում է, ում հետ հույս է կապում, նրան է իր ձայնը կտա։

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» քայլերի արդյունավետությանը՝ ԲՀԿ առաջնորդն ասել է. «Լինում են տարբեր կարծիքներ, բայց վերջնական լինում է այնպես, որ ընդհանուր որոշում ենք ընդունում։ Շարժման հիմնական արդյունավետ աշխատանքն այն է, որ այսօր քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Եթե Հայրենիքի փրկության շարժումը չլիներ, ինձ թվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը չէր բարձրանա»։

Ծառուկյանը շեշտել է, որ իրենք չպետք է թույլ տան, որ ժողովուրդը բաժանվի սեւերի եւ սպիտակների. «Մենք պատասխանատու ենք հանրության համար, որ ճիշտ լուծում տանք»։

Այն հարցին, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, վարչապետի թեկնածու առաջադրվի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արդյոք ԲՀԿ-ն կընտրի՞ նրան, Ծառուկյանը պատասխանել է.

«Եթե ԲՀԿ-ն ընտրելու լինի, իր կողմից թեկնածու կառաջադրի։ Եթե իմքայլականները կորոշեն այդ քայլը կատարել, իրենք ի վիճակի են իրենց ձայներով եւ ներկայացնելու եւ ընտրելու»։

Հարցին, թե այդ լուծման տարբերակների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը քննարկումներ ունենո՞ւմ է ՀՀ երեք նախկին նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան է տվել. «Իհարկե, քաննարկուներ լինում են»:

Ճշտող հարցին՝ այսինքն նա քննարկումներ ունենո՞ւմ է նախկին նախագահների հետ, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Հանդիպում ենք, քննարկում ենք, կարծիքները տարբեր են լինում, սակայն որ կարծիքն ավելի ճիշտ է, դա հիմնավորվում է, ընդունվում է»: