ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ռազմական դրությունը չեղարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, բուռն քննարկվեց։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ մարտական գործողությունների ավարտից հետո, արդեն երրորդն անգամ են նման նախաձեռնությամբ հանդես գալիս, նախորդները տապալվել  իշխող ուժի պատճառով։

«Ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով, որ թույլ չտան խորհրդարանին իմպիչմենտ նախաձեռնել եւ թույլ չտալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ.... Այո, քաղաքացիների իրավունքները սահմանափակված են, որովհետեւ խորհրդարանի մեկ հինգերրորդը ներկայացնում է շուրջ 205 000 ընտրողի, հետեւաբար նրանք զրկված են իմպիչմենտի գործընթաց իրականացրել՝ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, որովհետեւ կա ռազմական դրություն»,– հայտարարեց Էդմոն Մարուքյանը։