ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դատապարտում է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա բռնուցքներով հարձակվելու միջադեպը։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
«Պարոն Արշակյանն իմ ընկերն է, շատ պարկեշտ անձնավորություն է, ինքը երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, ինքս դատապարտում եմ, եւ վստահ եմ, որ ինքը նույնպես շատ ցավագին է տանում այն փաստը, որ չի կարողացել իր նյարդերին տիրապետել։ Հասկանում եմ, որ թե՛ սադրանքը, թե՛ լարված իրավիճակն իր ազդեցությունն ունենում է, բայց որեւիցե մեկն իրավունք չունի բռնություն գործադրել եւ նման ագրեսիվ գործունեությամբ հանդես գալ»,- նշեց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում հարձակվել չի կարելի. «Անկախ նրանից թե ինչ է կատարվում, դու կարող ես միայն պաշտպանվել։ Դու քաղաքական գործիչ ես, դու նախարար ես, միայն պետք է պաշտպանվես, եթե քեզ վտանգ է սպառնում»։
Հարցին՝ արդյոք նախարարին պատասխանատվության ենթարկելու մասին խոսք գնո՞ւմ է, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Նման բան չեմ կարող ասել, բայց պարոն Արշակյանն առաջին իսկ վայրկյանից նշել է, որ ինքը պատրաստ է յուրաքանչյուր տեսակի պատասխանատվություն կրել, դա եւս մեկ անգամ պատիվ բերում իմ գործընկերոջը»։
Հիշեցնենք, որ երեկ Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը տեսել է, թե ինչպես է նախարարն աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում։ Լրագրողը մոտեցել եւ հարցրել է՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանն ասել է, թե գիշերային ժամերին է աշխատում. իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո նախարարը լրագրողին խնդրել է՝ անջատել տեսախցիկը, լրագրողն անջատել է, որից հետո նախարարը սկսել է սպառնալ նրան։ Այդ խոսակցությունից հետո լրագրողը բարձրացել է վերեւ եւ շարունակել իր աշխատանքը, Հակոբ Արշակյանն էլ նրա հետեւից բարձրացել է վերեւ եւ հարձակվել լրագրողի վրա:
Լրագրողը ցույց է տվել վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»։
Ժամեր անց «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:
Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:
Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա հարձակման մասին մամուլի հրապարակումները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ։
Նշենք, որ երեկոյան նախարարը ֆեյսուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ պատրաստ է կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ. նա միջադեպի համար ներողություն է խնդրել։











