«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պարագաներում և բոլոր ընթացակարգերով պատրաստ է ընտրությունների։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Հանգուցալուծումը մոտ է, և մենք արժանապատիվ պետք է գնանք այդ ընտրություններին։ Ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորելու նոր իշխանություն և կառուցելու մեր երազանքների հայրենիքը»,- նշեց Մելքումյանը։

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ «Հայրենիքի փրկության շարժումը» այս ընթացքում գնացել է միայն սահմանադրական ճանապարհով և օրենքի որևէ խախտում թույլ չի տվել։

«Միգուցե մեր ցանկությունները և այն հնարավորությունները, որոնք պետք է հանգեցնեին ի վերուստ մշակված ծրագրի, չեն իրականացել։ Մենք գնում ենք անդունդի եզրով, մեկ միլիմետր այս կողմ, այն կողմ, և դու կարող է՝ հայտնվես անդունդում։ Պարզ չէ՝ եթե մենք հակասահմանադրական ճանապարհով գնայինք, ինչ կլիներ՝ բիրտ ուժ կկիրառեի՞ն։ Այնպես որ, կարծում եմ, մենք խոհեմության ճանապարհով ենք գնացել, ստացել ենք արդյունք, հիմա ժողովուրդն իր ձայնը պետք է տա»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ 17 կուսակցությունները կանգնած են լուծարման եզրին, Մելքումյանը պատասխանեց, որ 17-ի ձևաչափը որևէ մեկը չի լուծարել․ «Եթե հանկարծ այդպիսի բան լինի, 17-ն ինքը հանդես կգա հայտարարությամբ»։

Միքայել Մելքումյանի խոսքով ՝ այժմ բոլոր քաղաքական ուժերի գերխնդիրը ժողովրդի համար արդար ընտրություններ ապահովելն է։

«Նախընտրական փուլում պետք է փորձենք բացառել գոտկատեղից ներքև հարվածները։ Պետք է գնալ քաղաքակիրթ և նորմալ ճանապարհով։ Նախընտրական արշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով, այլ գնա ճշտմարտությունը ներկայացնելու ճանապարհով։ Եթե դու դիպուկ, ճիշտ երևույթին գնահատական ես տալիս, չի նշանակում, որ կեղտ ես թափում»,- ավելացրեց Միքայել Մելքումյանը։