Դատավարական այդպիսի խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես չեմ տեսել։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։
«Մեր կողմից բերված փաստարկներն ու փաստերն այնքան հիմնավոր էին, իսկ քրեական հետապնդման մարմինների որոշումները եւ ստորադաս դատարանների որոշումներն ակնհայտ անհիմն էին եւ չպատճառաբանված։ Դատարանի այս որոշումն ակնհայտ է, որ հիմնավորված եւ պատճառաբանված չի լինի այն աստիճան, որ կփարատի մեր բոլոր կասկածները»,- նշեց Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ գույքի վրա կալանք դնելու դատավարական գործընթացը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին. «Պետք է լինեն հիմքեր, նպատակներ եւ պետք է ապահովվեն դատավարական երաշխիքները։ Մեր խորին համոզմամբ քրեական հետապնդման մարմինները գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացրել են դրա հիմքերի ի սպառ բացակայությամբ, նպատակների բացակայության պայմաններում եւ խախտվել է դատավարական ընթացակարգը։ Մեղադրանքն ակնհայտ ապօրինի ու արհեստածին է, դրանում դուք կհամոզվենք դատաքննության ընթացքում»։











