NEWS.am–ը զրուցել է Գարեգին Նժդեհի թանգարանի տնօրեն, Հայաստանի վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի հետ։

Տիկին Ներսիսյան, պատերազմից և կապիտուլյացիայից հետո մարդկանց մոտ համատարած անկումային տրամադրություններ են։ Ձեզ համար դժվար չէ՞ ամեն օր մտնել այս շենք, խոսել Նժդեհի, նրա գաղափարների մասին և ապրել այս իրականությունում։

Շատ դժվար է։ Առաջ մեծ ոգևորությամբ էի այստեղ հրավիրում տարբեր երիտասարդների, ուսանողների, դպրոցականների, Նժդեհի գաղափարախոսությունը սերմանելով փորձում էի նրանց մոտ բարձրացնել ազգային գիտակցությունը։ Հիմա, իրոք, շատ փշրված, կոտրված հոգեվիճակում եմ։

Ինչպե՞ս հասանք այս վիճակին, ո՞ր կետում սայթաքեցինք։

Երբ ես հիշում եմ չարաբաստիկ 2018–ը, երբ մեր ժողովուրդը Չարենցի բնութագրած՝ խելագարված ամբոխների պես վազում էր հրապարակ, կարծես թե շատ լուրջ գործ էր անում, ես և իմ պես շատերը հասկանում էինք, որ մենք այդ վազքով գնում ենք դեպի կործանում, և, ցավոք դա այդպես եղավ։ Մենք քաղաքականապես անպատրաստ էինք պատերազմին, մեզանում պետականամետ մարդիկ քիչ էին։ Երբ ազգը պետականամետ է, նրա համար գլխավոր չափանիշն այն չէ, թե ում գլուխը կշոյեն կամ ում դղյակը կխլեն, այլ առաջին հերթին մտածում է պետության անվտանգության մասին։ Մեր ժողովուրդն ապրում էր կենցաղային մակարդակում, չէր մտածում իր երկրի անվտանգության մասին, էլ ուր մնաց տեսներ շուրջը կատարվող աշխարհաքաղաքական զարգացումները։

2018–ին մարդիկ փոփոխություն էին ուզում, գնում էին հրապարակ՝ հավատով, որ լավ են ապրելու։

Փոփոխություն կարելի էր սպասել այնպիսի մեկից, որն իսկապես ազգային նկարագիր ուներ։ Պետք էր հասկանալ, թե այդ փոփոխություն բերողն ինչ գաղափարների կրող է, ու՞մ շահերին է ծառայելու։ Մենք տարիներ շարունակ տեսել ենք վարչապետ կոչվածի ով լինելը. նա շարքային ստախոս է, շարքային ավանտյուրիստ։ Նա փչացրեց մեր երկրի հարաբերությունները Իրանի, մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ու երկիրը ներքաշեց պատերազմի մեջ։ Չէր կարելի թույլ տալ, որ նա այդպես հեշտ գար ու ավերեր մեր չքնաղ երկիրը և այս արհավիրքից հետո անպատիժ մնար։

Ինչի՞ է նման այսօրվա Հայաստանը։

Ավերված ու տառապյալ երկրի։

Մեր ազգային դաստիարակության մեջ արմատացած մի քանի միֆեր այս պատերազմի արդյունքում փլվեցին։ Ասում էինք՝ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, կամ որ «ժողովուրդն իմաստուն է»... Մի՞թե մենք այսքան տարի մեզ խաբել ենք միֆերով, թե՞ ինչ–որ ճշմարտություն կա այս ամենում։

Այն, որ մեր բանակը մարտունակ էր ու զինված, դա փաստ է։ Ինչպես Սևակն է ասում, մենք ուրիշ ազգերին չենք թերագնահատում, բայց մեզ էլ գիտենք՝ մեզ հայ են ասում։ Այսօր մենք կոտրված ենք, բայց մենք պետք է ոտքի կանգնենք, որովհետև, այո, մեզ հայ են ասում, մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, և այս արհավիրքն էլ կհաղթահարենք։

Ձեր կարծիքով՝ ինչու՞ պարտված իշխանությունները չեն հեռանում։

Փաշինյանն ամեն գնով փորձում է երկարացնել իր իշխանությունը, որովհետև վախեր ունի։ Նա գիտի, որ եթե կորցնի իշխանությունը՝ կվտանգվի իր գոյությունը։ Վարչապետ կոչվածը դեռ նոյեմբերի 10–ին պետք է կանգներ ռազմական դատարանի առջև և խստագույն պատժի ենթարկվեր։ Ես պարզապես ապշած եմ, թե ինչպես ենք մենք արդեն հինգ ամիս հանդուրժում նրան, մի՞թե մենք մեր ազգային արժանապատվությունը կորցրել ենք։ Մենք չգնահատեցինք այն, ինչ ունենք, չգնահատեցինք Արցախը, այն ազատագրած նախագահներին, արցախցի և հայաստանցի արհեստական տարանջատում դրվեց, ինչը պառակտեց մեր երկիրը և մեզ հասցրեց այս օրին։ Մեզ մոտ չհասկացան, որ արցախցին իր վրա էր վերցնում առաջին հարվածը, իսկ հիմա Երևանում նստած՝ դողում ենք, որ Սյունիքից մի կտոր չտան։

Մտավախություն չունե՞ք, որ Արցախը կարժանանա Նախիջևանի ճակատագրին, այսինքն օտարելով մեզնից՝ կհայաթափվի։

Եթե մենք շարունակենք այսպես անգիտակից ապրել, կարող է և հասնենք այդ վիճակին, և ընդհանրապես, կարող է հասնենք այն վիճակին, որ Հայաստանը դառնա ընդամենը կոմունիկացիոն ճանապարհների համար տարածք, և մենք չհասկանանք, թե ով ենք, թուրքերը ազատ գնալ–գալ ունենան և... Տարրալուծվենք։ Այս ամենը կանխելու համար պետք է շտապ հեռացնել այս իշխանություններին։

Պատերազմից հետո մեր ժողովուրդը կարծես ապատիայի մեջ լինի, շատերն անտարբեր են հայրենիքի կորստին, շատերը պարզապես հոգնել են պայքարից և ուզում են սովորական կյանքով ապրել, ո՞րն է ելքը։

Դեռ 90–ականներից տարբեր աղանդավորական կազմակերպությունների և Արևմուտքից ֆիանանսավորվող կառույցների միջոցով արտաքին ուժերը կարողացան հասնել նրան, որ մեր ժողովրդի մի զգալի հատված կորցնի ազգային գիտակցությունը։ Մենք պետք է մարդկանց մեջ ազգային գիտակցությունը, հայ լինելու տարրական գիտակցումն  արթնացնենք։ Երբ նայում ենք «Եռաբլուրին», չենք կարողանում հանդարտվել, մենք մի ամբողջ սերունդ ենք կորցրել, մի՞թե մենք չենք կարողանում սթափվել։

Շատերն այսօր հիասթափվել են և ուզում են հեռանալ Հայաստանից։ Մարդիկ հոգնել են պատերազմելու վախից և ուզում են ապրել ավելի անվտանգ երկրում։ Այդ մարդկանց կարելի՞ է հասկանալ։

Այդ մարդիկ շատ են, ցավոք, դա մեր ողբերգությունն է։ Բայց ինչ–որ ձևով պետք է փոխել նրանց հոգեբանությունը, գիտակցությունը, չի կարելի այսպես ինքնահոսի թողնել, որ յուրաքանչյուրը մտածի, թե որտեղ կարող է վազել, իսկ այս հայրենիքն ու՞մ ենք թողնելու։ Աշխարհի հնագույն ազգերից ենք, դարերով պետականություն չունենալուց հետո երեսուն տարի անկախ պետություն ենք ունեցել, ինչպե՞ս կարելի է այդքան հեշտ զիջել մեր ինքնիշխանությունն ու հեռանալ։

Արդյոք հնարավո՞ր է վերականգնել մեզ ազգային արժանապատվությունն ու նորից ոտքի կանգնել։

Իհարկե, պետք է վերականգնենք, մենք աշխարհի հնագույն ազգերից ենք, մեզ հետ եկած շատ ազգեր էլ չկան, բայց մենք այսքան ողբերգությունների միջով անցել ենք և հասել այս օրերին, մենք իրավունք չունենք այս վիճակում մնալու, մենք պետք է սթափվենք, հասկանանք, որ մենք հայ ենք, ունենք հայի արժանապատվություն և անենք այն, ինչն անհրաժեշտ է մեր երկրի ու ժողովրդի փրկության համար։

Երբ նայում եմ պատմության ընթացքին և տեսնում, թե ինչ ողբերգությունների միջով ենք անցել, ես հասկանում եմ, որ այստեղ Աստծո նախախնամությունը կա։ Ես հավատում եմ, որ մենք ոտքի կկանգնենք և դեռ կհասցնենք մեր Արցախին տեր կանգնել։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ