Արտահերթ ընտրությունները կթոթափեն լարվածությունը, դրանք նույնիսկ ուշացած են, նաեւ անհասկանալի է, թե ինչպես ընդունվեց այդ որոշումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
«Ժամանակին խոսվում էր, որ հուշագիր պետք է ստորագրվի, հիմա հասկանալի չէ հուշագիրը ստորագրվեց, թե ոչ եւ ինչ պայմաններով Փաշինյանը համաձայնվեց գնալ արտահերթ ընտրությունների։ Ինձ համար անհասկանալի է արտահերթ ընտրությունների մասին տեքստը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ղեկավարը չէ եւ նա առավելագույնը կարող էր նշել իր հրաժարականի օրը, քաղաքական ուժերն էլ ասեին՝ համաձայնե՞լ են չառաջադրել իրենց թեկնածուներին, թե՞ ոչ։ Ազգային ժողովում պրոցեսներ են կատարվում, բայց ԱԺ նախագահն ընդհանրապես չի արձագանքում։ Լավ կլիներ, որ Ազգային ժողովն այդ հարցում քննարկում կազմակերպեր։ Եթե Ազգային ժողովը լուծարվում է, ինչո՞ւ է այս ինստիտուտից դուրս որոշվում նրա ճակատագիրը»,- նշեց «Իմ քայլից» հեռացած պատգամավորը։
Վարդան Աթաբեկյանը մանրամասնեց, թե պարզ չէ, թե ինչ են խոսել վարչապետն ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները, մանավանդ, որ վարչապետի հրաժարականի մասին բառ չկա։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը եւ ռեյտինգային ընտրակարգը փոխելը անկախ պատգամավորը համարում է երկրորդական հարց․
«Դա էլ պարզ չէր, այդ բանակցություններում այդ հարցով ինչ է որոշվել, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ կարգի փոփոխությունը կարող է լրջորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա։
Ընտրություններից անկախ պատգամավորն այնքան ակնկալիքներ չունի, որքան դրա շուրջ մտավախություններ․
«Մտավախություն ունեմ, որ թեժ ընտրություններ կլինեն, հնարավոր է ընտրարշավի ժամանակ բախումներ լինեն, որովհետեւ այս պրոցեսը շատ երկարեց եւ լարվածությունը մեծացավ․ հնարավոր են ժողովուրդ-իշխանություններ կամ ժողովուրդ-ընդդիմություն բախումներ, շատ անհասկանալի վիճակ է»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իշխանությունների վարկանիշը նվազել է եւ նրանք վարչական ռեսուրս են կիրառելու ընտրություններին, Վարդան Աթաբեկյանն արձագանքեց․
«Ցանկալի է, որ չանեն, բայց վստահ եմ՝ իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառելու, լավ կլինի, որ գոնե չնչին չափով անեն, որովհետեւ ժողովուրդը տեսնելու է դա։ Իշխանությունները քիչ շանս չունեն, որովհետեւ ընդդիմությունը չկարողացավ օրակարգ ձեւավորել։ Կախված է նաեւ, թե ինչ քարոզարաշավ կանեն, ժողովրդին ինչ առաջարկներ կներկայացնեն, բայց չեմ կարծում, որ 50%-ի շեմը հաղթահարեն»։
«Իմ քայլից» հեռացած պատգամավորը բացառում է իր մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ չկա այնպիսի ուժ, որի հետ կցանկանա համագործակցել։
«Կփորձեմ սատարել այն ուժին, որն Արցախի մասին հստակ դիրքորոշում կարտահայտի, որովհետեւ Արցախի հարցը հասել է այն կետին, որ պետք է Արցախի անկախությունը ճանաչվի։ Եթե որեւէ ուժ, որը գոնե նախընտրական արշավից առաջ իր թիմով այց կկատարի Արցախ, նախընտրական քարոզարշավը կսկսի Սյունիքից ու իր ծրագրում հստակ նշված կլինի, որ Արցախի ճանաչման հարցն է դնում, միգուցե սատարեմ այդ ուժին։ Բայց այս պահին իմ մասնակցությունը 90 տոկոսով բացառում եմ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











