«Լևոն Տեր-Պետրոսյանն իրա փառահեղ կարիերայի ընթացքում 2 անգամ փախուստի շատ լավ օրինակ ա ցույց տվել»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզ՝ Ներքին Բազմաբերդ կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում նման կերպ արձագանքեց առաջին նախագահի հայտարարությանը, որ Փաշինյանի շահերին համապատասխանող միակ ելքը նրա անհապաղ հրաժարականն է և անվտանգության երաշխիքների ապահովմամբ թեկուզ ժամանակավոր արտասահմանում ապաստանելը։
«Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է փախնել։ Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ էդ գնդակահարության պատի տակ։ Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախնեմ»,- նշեց Փաշինյանը:
Նշենք, որ, ըստ ՀՀ առաջին նախագահի, ինչպես պետության, այնպես էլ ժողովրդի եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերին համապատասխանող միակ ելքը վերջինիս անհապաղ եւ կամավոր հրաժարականն է, Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքներով նրա՝ արտասահմանում թեկուզ ժամանակավոր ապաստանի ապահովումը:











