Հիմա թուրքական ապրանքների էմբարգոն եւս 6 ամսով երկարաձգելու հարցը քննարկումների փուլում է: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը
«Տնտեսական վնասները որպես այդպիսին գնահատելը մի քիչ բարդ է: Համենայնդեպս, այս պահին կատաստրոֆիկ հարված չենք տեսնում: մեզ մոտ բացասական ազդեցությունները կովիդի պատճառով այնքան մեծ են, որ կարծես խլացնում են մնացած հնարավոր ազդեցությունները: Այսինքն երբեմն շատ դժվար է ասել՝ ինչ-որ բանի սպառումը կովիդի պատճառո՞վ է ընկել, թե էմբարգոյի:Մեր գնահատականներն այնպիսին են, որ այն ապրանքները, որոնց նկտմամբ էմբարգո է մտցվել, մենք ներուժ ունենք արտադրելու, նաեւ այլ երկրներից ներմուծելու առնվազն համադրելի գներով»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դրսի հայերի շրջանում հետաքրքրություն կա Արցախում ներդրումներ անելու առումով, Ավանեսյանը դրական պատասխան տվեց. «Ավելին ասեմ, որոշ մարդիկ արդեն հստակ քայլեր են ձեռնարկում, որպեսզի այն ընկերությունները, որոնք պատերազմի ընթացքում վնասներ են ստացել, սակայն այլ հավասար պայմաններում կարող են շարունակել գործել, եթե իրենց որոշակի աջակցություն տրամադրվի, կարողանան վերականգնվել: Մենք ներկայումս իրենց հետ համապատասխան աշխատանքներ մեջ ենք, որ օգնենք իրենց ջանքերին, որ Արցախում տնտեսական կյանքը հնարավորինս շուտ վերականգնվի»:











