Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում ադրբեջանական բանտերում գերեվարված հայ զինվորներին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։
«Այսօր ադրբեջանական բանտերում խոշտանգվում են մեր գերեվարված զինվորները։ Ինքը թքած ունի։ Ոչինչ չի անում, որ այդ տղաներին հետ բերեն։ Հունվարի 11-ին գնաց փաստաթուղթ ստորագրելու, որտեղ կոնկերտ նշված կար այդ կետը,եւ այդ կետի հետ կապված ինքը կարող էր թուղթը շպրտել մի կողմ եւ ասել, որ ես այդ թուղթը չեմ ստորագրում , որովհետեւ ի նպաստ իմ պետության ոչինչ չկար։ Ինքը տեր չկանգնեց մեր զինվորներին, ժողովրդին, որն իրեն հավատում ու վստահում էր։ Եթե Նիկոլը գնա ընտրությունների, ես չեմ կասկածում, որ շատ հավանական է՝ Ալիեւը որոշի Նիկոլին նվեր անել, որ ռեյթինգը բարձրանա»,- նշեց Գեւորգյանը։
Գեւորգ Գեւորգյանի խոսքով՝ մեծ աղետ է թուրքերի գործադիր մարմինը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի։
«Մյունխենում ինքը խոսում էր համատեղ բնակության վայրերի մասին, իսկ իր վերջին խոսքի ժամանակ բառացիորեն ասաց, որ Ադրբեջանի նպատակն էր, որ Արցախում ապրող հայեր ֆիզիկապես չլինեն։ Նույն մարդը, եթե խոսում էր ֆիզիկական բնաջնջման մասին, բա ո՞նց էր խոսում համատեղ բնակավայրերի մասին։ Ո՞նց էր վերջին այցի ժամանակ քարոզում խաղաղասիրություն, թուրքերի եւ ադրբեջանցիների հետ պետք է բարեկամություն անել, եւ որ Սյունիքի ճանապարհը բացվի, որը եւ ի նպաստ է հայ ժողովրդին։ Մի մարդ, որն իր նույն խոսքի ժամանակ երկու տարբեր գաղափարներ է ասում իրար հակասող ընդամենը բեմականացումներ է իրականացնում, իր ժամանակն է ձգում։ 40-50 հոգու մարդու նկարում եւ ցույց ես տալիս որպես 100 հոգի, ուրեմն՝ քո նպատակը լրիվ ուրիշ է։ Քո նպատակը դրսի տերերի համար է։ Թուրքը երջանիկ է, որ այստեղ Նիկոլն է։ Ե՞րբ է եղել, որ Հայաստանի իշխանության համար հոգի տվող թուրք»,- ասաց Գեւորգ Գեւորգյանը։











