Սահմանադրական դատարանում բանավոր ընթացակարգի շրջանակներում ես պատրաստվում էի այնպիսի մատչելի լեզվով ներկայացնել խնդիրը, որ մեր հանրության մեջ մարդ չմնար, ով չպատկերացներ, որ այս խայտառակ 300.1-րդ հոդվածը կարող է լինել սահամանադրական։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Ազգային ժողովը ներկայացրել էր մեկ բացատրություն, այնուհետեւ 36 էջից բաղկացած անհասկանալի փաստաթուղթ ներկայացրել, որտեղ նույնիսկ տարեթիվը չկար, թե երբ է գրվել այդ փաստաթուղթը. «Դա ներկայացրել էին անցած շաբաթ՝ հինգշաբթի օրը։ ԱԺ-ն իր առաջնային բացատրությամբ մեջբերել է Սահամանադրության հոդվածները, Սահմանադրական դատարանի մի քանի որոշումներ, որոնք նաեւ մենք ենք մեջբերել, դրանից հետո ուղղակի գրել էր, որ համապատասխանում է Սահմանադրությանը։ Մեր կողմից 100 էջից ավելի դիմումի վերաբերյալ ներկայացրել էր 10 թերթից բաղկացած փաստաթուղթ, որով կարելի է ասել՝ առհասարական չէր անդրադարձել մեր բարձրացրած խնդիրներին։ Ստացվում է, որ ընդունել էր մեր կողմից ներկայացված հիմնավորումները։ ԱԺ-ն հապճեպ կերպով փորձել էր այդ հիմնավորումներին արձագանքել, դա արել էր հինգաշբթի օրը։ Դա խնդիր չէր, որովհետեւ ուրբաթ օրը 30 էջից ավելի էջով ես արձագանքեցի ԱԺ-ի այդ բացատրություններին»։
Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ ՍԴ դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից ներկայացված միջնորդությունն առավել քան հիմնավոր էր։
Նշենք, որ դատավորները միջնորդել էին Ռոբերտ Քոչարյանի եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները քննել բանավոր ընթացակարգով, ինչը մերժվեց։
Նա ասաց, որ իր կողմից եւս նման միջնորդություն ներկայացվել էր մոտ 15 օր առաջ, կրկին արդյունքը 4։4 ձայների հարաբերակցությունն էր.
«Այն, որ այս գործը Սահմանադրական դատարանի մասին օրենքի իմաստով հենց հանդիսանում է բանավոր ընթացակարգով պարտադիր քննության ենթակա գործ, դա նորություն չէ։ Հանրային հնչեղություն ունեցող գործերով քննվում է բանավոր ընթացակարգով։ Ինձ համար առնվազն պարզ չէր այն հիմնավորումները, որ եթե սա իրավական հարց է, դե եկեք գրավոր ընթացակարգով քննենք. ինչի Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հարցը 2014 թվականին որ բանավոր ընթացակարգով քննվեց դա իրավական հարց չէ՞ր։ Միջնորդության հիմնավորումները շատ հստակ էին»։
Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու ոչ թե խոչընդոտ կա օրենքում, այլ նույնիսկ օրենքի պահանջ կա։
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին՝ փաստաբանն ասաց, որ այդ հոդվածն ունի որոշակիության դեֆիցիտ, հասկանալի չէ.
«Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներն էլ հավասար են, բոլորն էլ պետք է հավասար հասկանալի լինեն, մինչդեռ՝ ՔՕ 300.1-րդ հոդվածը չունի նման հասկանալիություն եւ մատչելիություն։ 2015 թվականին Սահմանադրության էական փոփոխություններ են եղել, սակայն ՔՕ-ն այդ փոփոխություններին չի համապատասխանեցվել։ Եթե նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը «փաստացի վերացում» ձեւակերպման վերաբերյալ ասել էր, որ նման տերմին միջազգային փորձում չեն գտնում, գուցե թարգմանության խնդիր է եղել։ Սա գիտե՞ք ինչ է նշանակում։ Բացի դա՝ ԵԴ խորհրդատվական կարծիքում նշվել էր, որ Սահմանադրությունը՝ քրեական օրենսգրքին ինքնին կարող է հանդիսանալ որպես բլանկետային նորմ, այսինքն՝ առաջին հայացքից կարող է, բայց հետո չափորոշիչներ են ներկայացվել, որ պետք է լինի հստակ, որոշակի, ծավալը չընդլայնվի, մինչդեռ այդ պայմաններին հենց չի համապատասխանում»։
Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ հետադարձ ուժի արգելքի հանգամանքին. «Վենետիկի հանձնաժողովը եւ ՄԻԵԴ-ն արձանագրել են, որ հետադարձ ուժի վերաբերյալ հարցերը լուծվում են իրավակիրառ պրակտիկան հաշվի առնելով, իսկ «Յոթի» եւ Նիկոլ Փաշինյանի գործով քրեական հետապնդումը դադարեցվելու մասին որոշումներ են կայացվել, քանի որ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը 2008թ մարտի իրադարձությունների նկատմամբ դիտարկվել է որպես նոր հանցագործություն»։
Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։











