Իմ քայլը եղել է գիտակցված և չեմ պատրաստվում դուրս գալ իմ քաղաքական թիմից. Եթե ընտրել ես այդ ճանապարհը, եթե այդ մարդկանց հետ ես, ապա պետք է լինես մինչեւ վերջ: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Էմմա Պալյանը:
«Ես չեմ ընդունում, որ ինչ-որ նեղ պահի լքում են, թողնում հեռանում են: Այն մարդիկ, որոնք նշում եք, որ հեռացել են, նրանք նույնիսկ մանդատը չեն դրել, դարձել են անկախ պատգամավոր: Այս պահին ես չեմ տեսնում մի այնպիսի քայլ, որի համար ես պետք է լքեմ իմ քաղաքական թիմը, ես դուրս չեմ գալու»,-ասաց նա:
«Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից եմ և բնավ ինչ-որ անուններ չեմ կարող տալ՝ ում նախաձեռնությամբ ես քաղաքական թիմի անդամ դարձա, այդ իսկ պատճառով հայտնվել եմ ցուցակում, երբ 2016 թվականին անդամագրվեցի ՔՊ-ին, ես այդ պահին գիտակցում էի, որ ինչ իրավիճակ էլ լինի, ես երբևէ դուրս չեմ գալու իմ քաղաքական թիմից, քանի որ դա եղել է գիտակցված ընտրություն»,-ասաց Էմմա Պալյանը՝ հավելելով. «Ես ինձ շատ լավ եմ զգում «Իմ քայլի» թիմում, որովհետեւ ես ինձ ու իմ թիմակիցներին դավաճան չեմ համարում»:
Դիտարկմանը, որ այդ թիմը պարտվել է պատերազմում, եւ ինչ պետք է անի, որ ինքը դուրս գա թիմից, Պալյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել: Ես վստահ եմ, որ անթույլատրելի շեմը իշխանությունը հաստատ չի անցնի»,-ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ, այո, իրենց թիմը եւս մեղավորության բաժին ունի պարտության մեջ. «Բայց այս ընտրությունները ամեն ինչ գցելու են իրենց տեղը, ես վստահ եմ: Վստահ եմ նաեւ «Իմ քայլի» հաղթանակի վրա»:
Դիտարկմանը, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախ, նա ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու վարչապետը պատերազմից հետո չի այցելել Արցախ, բայց կան կապ այլ միջոցներ, կա հեռախոս, կա շփման այլ տարբերակներ: Ես չեմ կարծում, որ չայցելելը մեծ խնդիր է: Եթե չի այցելել, ուրեմն դրա համար պատճառներ կան»:











