Նշանակման օրվանից փորձում եմ դատավորի երդմանս համապատասխան աշխատել, որեւէ ճնշում ինձ համար նշանակություն չունի։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում դատավորների ընդհանուր ժողովից առաջ ասաց Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը։

«Ճնշումներ, բնականաբար, կարող են լինել եւ լինում են, սակայն կոնկրետ իմ դեպքում այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել կամ ԲԴԽ դիմել, չի եղել»,- նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով «Դատական օրենսգրքի փոփոխությունների» նախագծին, մասնավորապես, ԲԴԽ-ի լիազորությունների ընդլայնմանը՝ դատավոր Հարությունյանն արձագանաքեց.

«Չեմ կարծում, թե այդ նախագծի հեղինակները խորը իրավաբանական գիտելիքներ ունեն կամ գոնե առնվազն հետազոտություններ են իրականացրել այդ նախագիծը կազմելիս։ Ոչ միայն ես, այլ նաեւ իմ գրեթե բոլոր գործընկերները համակարծիք են այդ հարցում։ Նախագծի սկզբնական տարբերակում տարանջատում էր արված, թե գործերը կարող են վերցնել եւ տրամադրել ավելի հմուտ դատավորի։ Դրանից հետո փոփոխության ենթարկվեց, երկրորդ ընթերցմամբ մեկ այլ տարբերակ ընդունվեց, նշելով, որ մինչեւ դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցել այնպիսի դատավորների, որոնք առավել բարդ գործեր քննելու որոշ հմտություններ ունեն։ Կան մասնագիտացումներ, ենթամասնագիտացումներ. կան անչափահասների վերաբերյալ գործեր քննող դատավորներ, կիբեռհանցոգործությունների վերաբերյալ գործեր քննող դատավորներ, որը նորմալ է։ Եթե այդ դրույթն ուժի մեջ մտնի, բայց ես չեմ հավատում, թե ԲԴԽ-ն երբեւէ կարող է այդ ձեւակերպմանը համապատասխան տարանջատի թեթեւ գործեր քննող եւ առավել բարդ գործեր քննող դատավորների»։

Հարցին՝ եթե իրեն մակագրված քրեական գործը ԲԴԽ-ն վերցնի եւ այլ դատավորի դա, ի՞նչ քայլերի կդիմի, դատավորն ասաց, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի. «Դատավորից գործ վերցնելը եւ փոխանցելը մեկ այլ դատավորի, դա հանցագործություն է, դա արդարադատությանը միջամտություն է»։

Անդրադառնալով նույն նախագծի այն դրույթին, որով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու շրջանակն ընդլայնվում է՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա անընդունելի փոփոխություն է. «Ամբողջ աշխարհում ինձ հայտնի չէ որեւէ դեպք, երբ քաղաքացին ստանձնում է մեղադրողի դեր՝ կարգապահական վարույթի շրջանակներում։ Ամբողջ աշխարհում դա միջնորդավորված է տեղի ունենում։ Եթե, օրինակ, վերցնենք այլ իրավապահ համակարգերի կամ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգապահական վարույթների կապված գործերը, որտե՞ղ կտեսնեք, թե քաղաքացիները նման դեր են ստանձնում։ Եթե հիմա տեղի է ունենում հանցագործություն, դրա վերաբերյալ մեղադրանքը դատարանում ո՞վ է պաշտպանում, դատախազը չէ՞, այսինքն՝ միջնորդավորված եւ որակյալ պաշտպանություն է իրականացնում, բայց ինչքանո՞վ է դա պայմանավորված, երբ անմիջական քաղաքացին իր իրավունքները պաշտպանի դատարանում։ Ոչ միայն անհիմն քաշքշուկներ են ստեղծվելու, որ միայն ԲԴԽ-ն է անհիմն ծանրաբեռնվելու, այլ նաեւ դա դատարանների անկախության միջամտություն է։ Ընդունենք, թե մի անձ, ով դժգոհ է որոշումներից, դատապարտվել է որոշակի ժամկետով ազատազրկման, ես էլ այդ գործի քննության ընթացքում թույլ եմ տվել կարգապահական խախտում, այսինքն՝ այդ անձը մի կողմից լինելու է մեղադրողի կարգավիճակում, դատավորն ամբաստանյալի աթոռին է նստելու, այդ անձը կաշկանդված չլինելով թե կարգապահական, թե մասնագիտական որեւէ կանոններով պետք է փորձի իր մեղադրանքը պաշտպանել։ Եթե որեւէ մեկն այս իրավիճակը համարում է նորմալ, ապա խնդիր չկա այդ օրենքի հետ կապված»։