Մենք բոլորս անցել ենք շատ դաժան մի փորձության միջով, եւ պետք է օգնենք իրար, կիսվենք իրար հետ, որպեսզի վերականգնենք հույսը, կարողանանք վերականգնել հավատը, որպեսզի կարողանանք վերականգնել վստահությունը ապագայի նկատմամբ: Այս մասին այսօր` մարտի 28-ին, Արմավիրի Արագած գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին հարցն, իհարկե, որին պետք է պատասխան տրվի, հետեւյալն է` ինչի ընկան մեր նահատակները, հանուն ինչի, եւ էլի ուզում եմ ընդգծեմ, որ նրանց զոհողությունների բերումով է, որ Արցախն այսօր նույնիսկ վիրավոր, բայց կանգուն է: Եւ ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակի առաջ կլինի այն,երբ մենք Հայաստանը կառուցենք նորովի, Արցախը կառուցենք նորովի»,-ասաց նա:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Փաշինյանը նախատեսել է այց Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր, սակայն այցը խիստ գաղտնի է պահվում: