ԲՏԱ նախարարության աշխատակիցներն արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանին այսօր՝ ապրիլի 1-ին, ծափահարություններով հրաժեշտ տվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ԲՏԱ նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։

Լուսինե Գրիգորյանը հրապարակած տեսանյութին կից այդ առնչությամբ նաեւ գրառում է արել.

«ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատանքի առաջարկն ընդունելուց տեւական ժամանակ չեմ գիտակցել, որ աշխատելու եմ պետական գերատեսչությունում։ Ունեցել եմ այնպիսի ներքին զգացողություն, կարծես գնալու եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի լավ դպրոց, որը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի կանցնեմ ոլորտի շնաձկների մոտ կամ որպես անհատ իրավաբան, իմ ծառայությունները կառաջարկեմ շուկայի խոշոր խաղացողներին։ Սրա միակ պատճառը պարոն Նախարարն էր, ով իր աշխատելաոճով ստեղծած իմիջով ցրել էր պետական կառույցների շուրջ ոչ անառիթ ձեւավորված բացասական կարծրատիպը։ Ոլորտի հետ աշխատելիս զգում էի,  որ նույն տրամադրվածությունը, կրկին շնորհիվ պարոն Նախարարի, առկա է նաեւ ոլորտի ներկայացուցիչների մոտ, մեզ չէին նայում որպես «չինովնիկի», մեզ ընկալում էին որպես թիմակիցների, ովքեր մտահոգված են ոլորտային խնդիրներով, ովքեր ջանք չեն խնայում ոլորտի բարօրության նպատակով համապատասխան բարեփոխումներ նախաձեռնելու համար, ովքեր 24/7 ռեժիմով հասանելի են ոլորտի համար՝ պատրաստ լսելու եւ աջակցելու նրանցից յուրաքանչյուրին։ Այսինքն, ոլորտն առաջնորդում էր մի Նախարար, ով կարողացել էր հասարակության համապատասխան շերտի մոտ ձեւավորել հավատն առ այն, որ պետությունն իսկապես ծառայում է հասարակությանը։ Պարոն Նախարարը հորիզոնական կառավարման մոդելի ջատագովն ու կիրառողն էր․ յուրաքանչյուր աշխատանքային քննարկում հավասար մասնակիցների մտագրոհ էր, բայց եւ յուրատեսակ մաստեր կլաս եւ քաջալերանք՝ զերծ ամեն տեսակ ապակառուցողական եւ մասնագիտական էնտուզիազմի ողնաշարը կոտրող քննադատությունից։ Պարոն Նախարարը ղեկավար էր, ում դռները միշտ բաց էին բոլոր աշխատակիցների առջեւ եւ ում հետ պետք չէր ավելորդ դիվանագիտություն պարեցնել ու կարելի էր խոսել ի խորոց սրտե՝ ուղիղ եւ ամենայն շիտակությամբ։ Խորն ափսոսանք եմ ապրում իմ համար, որ այլեւս զրկվեցի նրա ղեկավարության ներքո աշխատելու հնարավորությունից։ Ուզում եմ լավատես լինել՝ նախարարության եւ ոլորտի ապագայի համար։

Հ․Գ․ Պարոն Նախարար Hakob Arshakyan, շնորհակալ եմ Ձեր թիմում աշխատելու ընձեռնված հնարավորության համար»,- գրել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արշակյանը հայտնել է իր՝ հրաժարական տալու մասին։ Այդ պաշտոնին նշանակվել է Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։