Հորդանանի թագավորական ընտանիքի անդամ եւ թագավորական պալատի նախկին ղեկավարը ձերբակալվել են շաբաթ՝ «անվտանգության նկրտումներից» ելնելով, հաղորդում է Հորդանանի Petra պետական տեղեկատվական գործակալությունը, իսկ երկրի նախկին թագաժառանգը պնդել է, որ նրան ասել են՝ տնից դուրս չգալ:

Գործակալությունը չի հաղորդում մանրամասներ թագավորական ընտանիքի անդամ Հասան իբն Զաիդի եւ թագավորական պալատի նախկին ղեկավար Բասեմ Ավադալախի կալանքի մասին՝ հայտարարելով, որ հետաքննություն է ընթանում:

Զաիդը թագավոր Աբդուլա II-ի հեռու ազգականն է: Նրա եղբայրն էր Ալի իբն Զայդը, որը հետախուզության սպա էր եւ սպանվել էր 2010 թվականին Կենտրոնական հետախուզական վարչության յոթ աշխատակիցների հետ միասին Աֆղանստանում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետեւանքով, հաղորդում է CNN-ը:

Նախկին թագաժառանգ Համզա իբն Հուսեյնը, որը թագավոր Աբդուլայի ոչ հարազատ եղբարն է, տեսաուղերձում պնդում է, որ նրան տեղափոխել են մեկուսարան, խզել կապն ու զինվորականներն արգելել են նրան հեռանալ: Ենթադրվում է, որ նա գտնվում է տնային կալանքում:

Թագաժառանգ Համզան հանգուցյալ թագավոր Հուսեյնի ավագ որդին է, ինչպես նաեւ թագավոր Աբդուլայի ոչ հարազատ եղբայրը:

Համզան հայտարարել է, որ չի պատրաստվում դառնալ «ինչ-որ դավադրության կամ ստոր կազմակերպության կամ խմբի մաս, որը սատարում են օտարերկրացիները, քանի որ այստեղ միշտ հավակնում են, որ ինչ-որ մեկը կարտահայտվի»:

Տեսանյութում նա մեղադրել է երկրի ղեկավարներին նրանում, որ նրանք կրում են պատասխանատվություն կառավարման տապալման, կոռուպցիայի եւ ոչ կոմպետենտության համար, որը տարածված է երկրի կառավարման կառուցվածքում վերջին 15-20 տարվա ընթացքում եւ ամեն տարի ավելի է վատթարանում:

«Սա կապի իմ վերջին ձեւն է՝ արբանյակային ինտերնետ, որը ես ունեմ: Եւ ընկերությունը տեղեկացրել է ինձ, որ ես պետք է այն անջատեմ, այնպես որ, հնարավոր է, որ սա վերջին անգամ է, որ կարողանում եմ շփվել»,-ասել է Համզան: