Ես ինքս հակաճգնաժամային քայլերի մեծ մասի մշակմանը մասնակցել եմ, տեսել եմ այդ քննարկումների որակը եւ համոզված կարող եմ ասել, որ կառավարությունն արել է այն ամենը, ինչն այդ պայմաններում հնարավոր էր անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Հիմա թե դա ինչքանով է մեղմացրել անկումը, եթե դա չաներ, ինչ կլիներ, դա առանձին մեծ վերլուծության թեմա է: Մարդիկ կան, որ ասում են՝ աջակցության չափը պետք է ավելի մեծ լիներ: Բայց եթե ավելի մեծ լիներ, մենք ավելի շատ պետական պարտքի տակ էինք ընկնելու: Այդ ժամանակ էլ դա էր քննադատության թեմա դառնալու; Ընտրվել է բալանսավորված մոտեցումը եւ համոզված եմ, որ այդ քայլերն իրենց նպատակին ծառայել են: Դա առավելագույնն էր, որ կարող էինք անել»,-ասաց նա:

Հարցին, թե եթե նորից լոքդաուն լինի, Հայաստանի տնտեսությունն ի վիճակի կլինի՞ գոյատեւել, Թունյանը պատասխանեց. «Չեմ ուզում հիպոթետիկ ենթադրությունների մեջ մտնել, դա կախված է նրանից, թե այդ լոքդաունը ինչ մասշտաբների ու ինչ խորությամբ կլինի: Եթե ամբողջությամբ փակվի, ինչպես նախորդ ապրիլին, տնտեսությունը շատ ծանր վիճակի մեջ կհայտնվի: Բայց եթե անգամ նման քայլի գնանք, նշանակում է, որ հաշվի է առնվել, թե չգնալու դեպքում ինչ վիճակում կարող ենք հայտնվել: Ես ինքս հակված եմ նրան, որ մենք հնարավորինս կանոնները պահպանելով լոքդունից ինչքան հնարավոր է խուսափենք»: