Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար պետական պարգեւների են արժանացել մի խումբ կին զինծառայողներ: Ինչպես NEWS.аm–ին փոխանցեցին նախագահի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգեւները։
Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաեւ մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների: Հանրապետության նախագահի կողմից առանձին նվեր է հանձնվել նաեւ ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:
Շնորհավորելով տոնի առիթով՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ մայրը ոչ միայն ընտանիքի սյունն է, այլեւ, անհրաժեշտության դեպքում, հագնում է զինվորական համազգեստ՝ պաշտպանելու հայրենիքը:
Նախագահը նշել է, որ կանայք, անկախ մասնագիտությունից, լավագույն որակներով են դրսեւորում իրենց. «Այս հանդիպումից առաջ խոսում էի պաշտպանության նախարարի հետ, նա հակիրճ ներկայացրեց այն հերոսությունները, որ դուք կատարել եք: Գլուխ եմ խոնարհում ձեր առջեւ:
Ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաեւ հսկայական սիրո ոչ միայն ձեր ընտանիքի, ամուսնու, ծնողների, այլեւ մեր ողջ ժողովրդի կողմից: Մեր բուժքույրերը, զինվորական բուժքույրերը ոչ միայն զինվոր, ոչ միայն բժիշկ են եղել, այլ նաեւ՝ քույր, մայր եւ փորձել են ամեն ինչ անել, որ մեր տղաների կյանքը փրկեն:
Չեմ կարող չխոսել այն մայրերի մասին, որոնք իրենց զավակներին են կորցրել: Հազարավոր մեր փայլուն երիտասարդների կորուստը հսկայական կորուստ է մեր բոլորի ու նրանց ընտանիքների համար: Բոլորս, նախ եւ առաջ պետությունը, պարտականություն ունենք չմոռանալ այդ ընտանիքներին, չմոռանալ այն տղաներին եւ աղջիկներին, որոնք պատերազմի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը, ինչպես նաեւ նրանց, որոնք վերադարձան վիրավորված եւ նրանց, ովքեր շարունակում են ծառայել»:
Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Համավարակը մեր ժողովրդից խլել է մոտավորապես նույնքան զոհ, որքան պատերազմը, եւ շարունակում է խլել: Այստեղ նույնպես ռազմաճակատ է, եւ բոլորիս մասնակցության կարիքը կա, զգոնության, կարգապահության կարիք ունենք»:
Եզրափակելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի առավելագույնը՝ իսկապես նոր եւ ուժեղ հայրենիք կառուցելու համար: «Մեր պարտականությունն է կառուցել իսկապես նոր եւ ուժեղ հայրենիք: Վստահ եմ, որ միասին ոտքի ենք կանգնեցնելու մեր հայրենիքը, եւ նոր հաղթանակների եւ հպարտության օրերը դեռ գալու են,- նշել է Հանրապետության նախագահը: -Բոլորս միասին ձեռք ձեռքի տված, միասնական, առանց բաժանվելու գույների ու հայացքների, առաջ պետք է գնանք: Բոլորս նույն տան մեջ ենք, եւ մեր երեխաների համար պետք է ավելի պայծառ եւ ապահով ապագա կառուցենք, որպեսզի նրանք շարունակեն ապրել այս պատմական եւ գեղեցիկ հայրենիքում, որի համար իրենց կյանքն են տվել մեր երիտասարդները»:











