«Պայթուցիկ» հրաբխի ժայթքման արդյունքում Կարիբյան Սենթ Վինսենթ կղզին մոխրով եւ ծխով է պատվել, եւ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է BBC-ն:
Տասնամյակներ շարունակ քնած Սուֆրիեր հրաբուխն առաջին անգամ սկսել էր հրաբխային ակտիվություն ցուցաբերել դեկտեմբերին, իսկ այս շաբաթ կրկին ուժգնացել էր:
Հինգշաբթի Վարչապետ Ռալֆ Գոնսալվեսը «կարմիր գոտիների» ավելի քան 16.000 բնակչի տարհանման կոչ էր արել:
Գոյացած մոխիրը հասնում էր 6 կիլոմետրի:
Հրաբուխը ննջում էր 1979 թվականից, սակայն դեկտեմբերին այն սկսել էր գոլորշի ու ծուխ արտանետել եւ ամպրոպային ձայներ արձակել:
Առաջին նշանը, որ ժայթքում է մոտենում, տեղի էր ունեցել հինգշաբթի գիշերը, երբ Սուֆրիեր հրաբխի վրա հանկարծ հրաբխային գմբեթ էր հայտնվել:
Դրանից հետո կղզու վարչապետը կարգադրեց շտապ տարհանել մարդկանց հարակից տարածքներից:
Ապա ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում, Արեւմտյան Հնդկաստանի համալսարանի սեյսմոլոգները հաստատեցին, որ «պայթուցիկ ժայթքում» է տեղի ունենում:
Տարհանվածները տեղափոխվել են նավերի վրա եւ կղզու ավելի անվտանգ վայրեր:











