Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուսաստանն ամենամեծ միջնորդական դերն է ստանձնել այ հակամարտության փուլում եւ գերիների վերադարձը մեր երկու երկրների ղեկավարների հանդիպման թերեւս ամենակարեւոր, ամենագլխավոր հարցերից էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով՝ հավելելով, որ Ադրբեջանը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում այդ հարցի լուծման համար, դրա համար խնդրի լուծումը ձգձգվում է:

Նա համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է վերադարձնել գերիներին. «Իմ կարծիքով ի վիճակի է, որովհետեւ այստեղ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ պետության մասին է: Սա պետության գերակա շահն է, եւ ես գտնում եմ, որ պետության ղեկավարն անում է, ուզում է ու պարտավոր է այդ խնդիրն ի կատար ածել»,-ասաց Սանդիկովը:

Նա նշեց, որ Փաշինյանն այսօր պետության ղեկավարն է, իշխող թիմի ղեկավարն է, բոլորով վստահում են նրան: