Ամերիկյան Չիկագոյի ոստիկանությունը կրակել է անզեն 13-ամյա Ադամ Տոլեդոյի վրա, ով կրակոցի պահին ձեռքերը վեր էր պահել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Hill-ը:

Ոստիկանությունը ժամանել էր հիմնականում իսպանախոսներով բնակեցված տարածք կեսգիշերից հետո՝ այնտեղ գրանցված կրակոցների պատճառով: Տեղ հասնելով՝ նրանք երկու երիտասարդի էին տեսել՝ Տոլեդոյին եւ նրա 20-ամյա ընկեր Ռուբեն Ռոմանին: Երկու կասկածյալներն էլ փախուստի էին դիմել. ավագը բերման էր ենթարկվել, իսկ կրտսերը մի քանի տասնյակ մետր անցելուց հետո կանգ էր առել:

Տեսանյութում ոստիկանը հետապնդում է դեռահասին եւ բղավում, որպեսզի նա գցի զենքը: Նա կանգ է առնում, որոշ ժամանակ կանգնում է ցանկապատի մոտ, ապա ձեռքերը վեր բարձրացրած շրջվում, ինչից հետո անմիջապես գնդակ է ստանում կրծքի հատվածում: Հաղորդվում է, որ ոստիկանությունը փորձել է առաջին բուժօգնություն ցուցաբերել Տոլեդոյին, սակայն նա տեղում մահացել է:

Տեսանյութը դանդաղ դիտելիս կարելի է սպանվածի ձեռքում ատրճանակի նման առարկա նկատել. Փրձագետների գնահատականներով՝ նա գցել էր այն շրջվելուց անմիջապես հետո:  Ենթադրաբար, ղայի ձեռքում ատրճանակի փայլելու եւ կրակ բացելու արանքում մի վայրկյան էր անցել, ABC 7-ի հետ զրույցում նշել է փորձագետը՝ հավելելով, որ ոստիկանը կարող էր գործել  ողջամիտ ինքնապաշտպանության կանոնների շրջանակներում: