Հայ ժողովուրդը վերածվել է խայտաբղետ հասարակության, որն հիմա ամեն ինչ մարսում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

«Մենք աղետալի վիճակում ենք։ Այս շրջանում ապրող հասարակությունը չունի նպատակ, տեսլական, գաղափարախոսություն, չունի մեկին, ում վստահում է։ Այնքան է ամեն ինչ ջնջվել, որ մարդն իր եղբորը չի վստահում։ Ժողովուրդն այսօր այնպիսի քեֆեր է իրականացնում հանրային տարածքում, որ ես ամաչում եմ, որ այս ազգի մասնիկն եմ։ Երբ դեռ հողին չհանձնված մարմիններ կան, գերիներ կան, ու ուրախանալ․ դա ի՞նչ անասնական բնազդ է։ Խորհրդային տարիներին, երբ ինչ-որ տեղ տատիկ էր մահանում, այդ բակից շշուկ անգամ չէր գալիս՝ ի նշան հարգանքի»,- ասաց նա։

Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք աստիճանաբար հեկտարներով, կիլոմետրերով, մշակույթով, տնտեսությամբ կարող է հանձնվենք հզոր, երիտասարդ պետությունների։

«Պատմությունը ցույց է տալիս, որ երիտասարդ պետություններն ավելի ագրեսիվ են, քան հները։ Պարտության առաջին իսկ օրվանից՝ նույնիսկ մինչև պարզելը՝ ով է մեղավոր, առաջին հարցը պետք է լինի՝ ինչ ենք հիմա անելու, որ ապագայում կարողանանք փոխել իրավիճակը վերականգնելու համար այն, ինչ որ առաջ ունեինք։ Երկրի առաջին դեմքից սկսած մինչևհավաքարար սկսել են մանր թեմաներ քննարկել փոխանակ գաղափարներ քննարկեն»- ընդգծեց Տիգրան Հեքեքյանը։

Ըստ Տիգրան Հեքեքյանի՝ Թուրքաին և Ադրբեջանը երբևէ չեն թաքցրել իրենց թշնամանքը և միշտ գնում են այն բանի ետևից, ինչ ասում են։

«Միակ հույսը, որ հիմա մենք կարող ենք ունենալ, որ ռուսի շահը թուրքի և ադրբեջանցու հետ չհամընկնի։ Բայց եկենք մտածենք, որ ռուսն էլ է թուլանալու։ Իմ ընկերներից մեկը մի լավ բան է ասել՝  մի ամբողջ նվագախումբ է նվագում, մենք գիտենք միայն ալտի պարտիան, բայց մյուս գործիքների պարտիան, դիրիժորի և կոմպոզիտորի մտահղացումը և այն մարդուն, որը պատվիրել է կոմպիզիտորին գործը չգիտենք։ Հասկանո՞ւմ եք մենք ուր ենք գնում։ Մենք այստեղ ընդամենը թպրտում են»,- նշեց Տիգրան Հեքեքյանը։

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ թեպետ մենք Արցախյան առաջին պատերազմում տարանք հաղթանակ, որը շատ ավելի լավն էր, քան վերջին պատերազմում ադրբեջանցիների տարած հաղթանակը, բայց մենք այդ հաղթանակից էլ հետևություններ չարեցինք։

«1994 թվականին՝ շռնդալից հաղթանակից հետո, ովքե՞ր գնացին պայմանագիր կնքելու։ Նրա՞նք գնացին արդյոք, որոնք ի զորու էին այնպիսի պայմանագիր կնքել, որ Ադրբեջանն այլևս չկարողանա թպրտալ։ Ես մի արդար գեներալից գիտեմ, որ լրիվ անկապ մարդիկ գնացին պայմանագիր կնքելու, այդ պայմանագիրը թույլ պայմանագիր էր։ Մենք ինչ անում ենք թույլ ենք անում, մի տեսակ վախվորած։ Մեր կնքած բոլոր պայմանագրերն արժանապատիվ չեն»,- ավելացրեց Հեքեքյանը։