Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին Ագարակ եւ Մեղրի քաղաքներից հետո այցելել է մարզկենտրոն Կապան: Այստեղ քաղաքի բնակիչները հավաքվել են եւ իրենց բողոքը հայտնել Փաշինյանի այցի կապակցությամբ:

Նրանք հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին ու վանկարկում. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:

Երբ ժամանեց վարչապետը, մի խումբ քաղաքացիներ, որոնք հավաքվել էին մարզպետարանի դիմաց, սկսեցին ծափահարել, մինչ հեռվում հավաքվածները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան»:

Մի քաղաքացի ասաց. «Նիկոլ Փաշինյան, ձեզ մի հարց կարելի՞ է», սակայն վարչապետն անպատասխան թողեց հարցը եւ մտած մարզպետարանի շենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։

Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում:

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։