Նա հերթական փորձն էր անում ցույց տալու, որ նա Հայաստանի Հանրապետությունում կարող է շրջել, բայց ի պատիվ սյունեցիների, նրա մուտքն արգելեցին, անպատվեցին, հետապնդեցին՝ հերթական անգամ ապացուցելով, որ դավաճանը մեր երկում տեղ չունի եւ պետք է հեռանա։ Այս մասին կառավարական ամառանոցների մոտ ծավալված ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Մենք էլ հավաքվել ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու եւ զգուշացնելու, որ այսօր հերթական անգամ ապօրինի հատուկ հանձնարարական էր տալիս ուժային կառույցներին, նրան հասկացնելու, որ հանկար չշփոթի, ինչ-որ հատուկ գործողություններ անի։ Եթե սյունեցու գլխից մազ պակասի կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, շատ կոշտ եւ խիստ պատասխան են ստանալու», ասել է Ի․Սաղաթելյանը։
Դաշնակցական գործիչն ասել է, որ իրենք ի սլզբանե են կասկածել, որ իշխանությունը արտահերթի ընտրության կգնա։
«Դա մենք առաջին օրվանից ասել ենք, որ այս մարդը ամեն վայրկյան կարող է խուսափել ընտրություններից եւ իր որեւէ հայտարարություն մեզ համար հիմք չէ։ Իհարկե, հնարավոր է՝ ընտրություններ չլինեն, եւ եթե այդ ճանապարհով գնան, ավելի լավ, մենք խնդիր չունենք։ Մենք ասել ենք, որ լինի ընտրությունով, թե առանց ընտրության այս դավաճան սրիկային պետք է հեռացնենք», նշել է նա։
Ի․Սաղաթելյանը հիշեցրել է, որ ՀՅԴ-ն հայտարարել էր՝ եթե ընտրություն լինի, մասնակցելու են այդ ընտրություններին եւ դա եւս դիտարկելու են՝ որպես Փաշինյանին հեռացնելու ճանապարհ։
«Իսկ ինչ ձեւաչափով՝ երբ հայտարարվի ընտրությունների մասին, այդ ժամանակ մանրամասների մասին կխոսենք։ Քննարկումներ կան տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ, այդ քննարկումները շարունակվում են։ Բայց դրանք կլինեն արդյունավետ, երբ լինի ընտրություն։ Քանի չկա ընտրություն, խոսել ընտրությանը մասնակցելու ձեւաչափերի մասին՝ համարում ենք անիմաստ», ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Իշխան Սաղաթելյանը գնահատական է տվել նաեւ վարչապետի գործունեությանը․
«Նա խաղաղ եւ նորմալ պայմաններում չէր կարողանում կառավարել, ուր մնաց այս ճգնաժամային իրավիճակում։ Նա իր տեղում, կառուցվածքով, էությամբ եւ բովանդակությամբ արդեն խնդիր է։ Նա է ճգնաժամ ստեղծողը, նա է մեր երկիրը բերել, հասցրել այս աղետին։ Ի՞նչ կառավարման մասին է խոսքը, երկրում համատարած բարդակ է։ Որքան նա մնա իշխանության, այս քաոսը ավելի է խորանալու՝ ի վնաս մեր պետության, ժողովրդի եւ պետականության։ Բոլոր քաղաքացիները, որոնք պայքարի կոչ են անում, թող գան, միանան, միասին փորձենք հեռացնել այս սրիկային», ամփոփել է նա։











