Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է Մեղրիի համայնքապետն այս գործընթացով անցնում։ Սա քաղաքական հաշվեհարդար է, իրավական մասով սա փուչիկ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ասում են, որ Մեղրիի համայնքապետին խուլիգանության հոդվածով են բերման ենթարկել, բայց ի՞նչ է արել Մխիթար Զաքարյանը։ Նա ընդամենը իջել է, որ տեսնի՝ ինչ է կատարվում եւ փորձել է պարզապես հանդարտեցնել, որ բախում չլինի, որովհետեւ  նա չէր կարող անտարբեր լինել եւ սրա համար Մեղրի համայնքի ղեկավարին բերման են ենթարկել, իհարկե, սա աբսուրդ է, քաղաքական նկատառումներից ելնելով են նրան բերման ենթարկել»,– ասաց Գրիգորյանը։

Փաշինյանի՝ Սյունիք այցի մասին, ըստ ԱԺ պատգամավորի՝ ոչ միայն չի իմացել հանրությունը, Սյունիքի համայնքի ղեկավարները, այլեւս իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

««Իմ քայլից» Կարեն Համբարձումյանն ասում է, որ երբ նրան լրագրողը զանգահարել է եւ հարցրել, թե նա գիտե՞ր, որ վարչապետը Սյունիք է գնում, ասել է՝ ոչ, չգիտեմ,  ես հիմա եմ պատրաստվում գնալ։ Բոլորի համար անակնկալ է եղել։  Եթե որեւէ մեկը տեղյակ չէր սրա մասին, ապա էդ ինչպե՞ս է ստացվում, որ ասում են՝ ուղղորդված են  եղել այդ ցույցերը, էդ ո՞ւմ կողմից են ուղղորդված եղել, եթե դրա մասին նախապես չի ասվել»,– նկատեց Սյունիքից ընտրված պատգամավորը։ 

Անդրադառնալով «Իմ քայլից» Արփի Դավոյանի հայտարարությանը, թե «էդ Սյունիքում որեւէ մեկն անպատիժ չի մնա», Գրիգորյանն ասաց.

«Նախ՝ այդ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, տիկին Դավոյանը լավ կաներ, որ իր ձեւակերպումները ճիշտ ընտրեր։ Երկրորդ՝ ի՞նչ է ԱԺ պատգամավորը պիտի ասի, թե ով պետք է պատժվի, ով՝ ոչ։ Նա իրավապահ մարմնի ներկայացուցի՞չ է»։ 

Աննա Գրիգորյանը երեկվանից հետո որոշ սյունեցիների եւ Մեղրիի համայնքապետին բերման ենթարկելը, ընտրություններից առաջ  քաղաքական հակառակորդներին լռեցնելու փորձ է  համարում։