Ոչ միայն Նիկոլ Փաշինյանի 6-ամսյա ճանապարհային քարտեզի կետերը չիրագործվեցին, այլ նաեւ դրանք իրագործելու պայման էլ չկար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Անվտանգային համակարգի առումով Հայաստանն ավելի խոցելի է դարձել: Բոլորդ գիտեք, թե Սյունիքի հետ կապված ինչ խնդիրներ ունենք, որտեղ ինչ դիրքերով են առաջ գալիս: Գիտենք թշնամի երկրի ղեկավարի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի մասին: Սա աբսուրդ է, մենք սենց տեղ չենք հասնի: Հիմա հունիսի 20-ը լինելու այն հանգուցային կետը, երբ մենք այն գնացքը, որ այս 3 տարիներին մեզ բերել է աղետալի վիճակի, դրանից պետք է իջնենք, նստենք նոր գնացք, որը մեզ տանելու է մեր երազանքի հայրենիքը, լինելու է անվտանգ Հայաստան եւ տնտեսական նոր քաղաքականություն, որը այս փոսից մեզ դուրս կբերի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել են, որ վարչապետը իր հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, Միքայել Մելքումյանն ասաց, որ այդ վեճի լուծման տեղը ՍԴ-ն է, բայց եթե իրենք դիմեն ՍԴ-ն դրանով կարող է ձգձգվել արտահերթ ընտրությունների գործընթացը. «մենք գնում ենք նրան, որ անպայման հունիսի 20-ին լինի ընտրությունը եւ որեւէ մեկի մոտ չպետք է կասկած հարուցեն այդ ընտրությունների արդյունքները: Բայց եթե այդ ընտրությունների արդյունքները կասկած հարուցեցին, այս օրինական ճանապարհն էլ չաշխատեց, ժողովուրդը դուրս է գալու եւ իր ձայնին տեր կանգնի:











