ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, կալանավորելու մասին նախաքննական մարմինը երեք հիմք է նշել. թաքնվելու, նոր հանցանք կատարելու ու խոչընդոտելու հիմքերը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Գալստյանի համոզմամբ՝ այդ հիմքերը գոյություն չունեն, քրեական գործի նախաքննությամբ էլ հերքվել են։

Պաշտպան Գալստյանն անդրադառնալով հիմքերին, մասնավորապես, նշեց.

«Նախաքննական մարմինը նշում է, որ անձը կարող է քննությունից թաքնվել, ի ապացույց դրան՝ բերում է այն հանգամանքը, որ հանցանք կատարելուց հետո անձը թաքնվել է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Դեպքից հետո Հեքիմյանը մնում է նշված վայրում, ըստ էության վերջինն է հեռանում նշված վայրից։ Նա փորձում է օգնություն ցուցաբերել ոստիկաններից մեկին, ում ինքնազգացողությունը վատացել էր։ Հաջորդ օրը նա գնում է հասարակական վայր, մասնակցում է ջահերով երթին, ընթացքում նրան բերման են ենթարկում ոստիկանության բաժին։

Նախաքննական մարմինը նշում է, որ դեռեւս անհրաժեշտ է հարցաքննել մի շարք անձանց, հաշվի առնելով այդ հանգամանքը, Հեքիմյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ճնշում գործադրելով այդ անձանց վրա։ Ունենք ոստիկանության աշխատակից, որը ցուցմունք է տվել որպես վկա, ունենք ոստիկանության աշխատակից, որը ճանաչվել է տուժող, ցուցմունք է տվել, առերեսվել է իմ պաշտպանյալի հետ, ունենք դատախազության տեսագրություններ, դրանք տրամադրվել են քննչական մարմնին։ Ըստ քննչական մարմնի տրամաբանության պաշտպանյալս մնալով ազատության մեջ պետք է ճնշում գործադիր ոստիկանության աշխատակիցների վրա։

Քննիչն ասում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, մեծ է հավանականությունը, որ Հեքիմյանը կմասնակցի այդ միջոցառումներին եւ կրկին կկատարի հանցանք։ Այսինքն՝ նախաքննական մարմինն ասում է՝ մենք չենք ուզում ինչ-որ մեկը մասնակցի ցույցերին, դրա համար յուրաքանչյուր շանսի դեպքում ցույցին մասնակցած անձանց ուղղակի փորձում ենք ազատությունից զրկել»։

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ Գալստյանն ասաց. «Նշված տեսագրության մեջ երեւում է, որ Հայկ Հեքիմյանը հարվածում է իրեն հարվածհասցնող ոստիկանին, այսինքն՝ Հեքիմյանի հարվածներից վայրկյաններ առաջ տեսնում ենք, որ ոստիկանի կողմից առնվազն 3 հարված է հասցվում Հեքիմյանին։ Այդ հանգամանքը նույնիսկ ոստիկանն է ընդունում, ասում է՝ ես ուղղակի բնազդաբար ձեռքերով շարժումներ էի անում, որովհետեւ ինձ բռնել էին, չեմ բացառում եմ, որ կպած լինի Հեքիմյանին»։

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։