Արտահերթ ընտրությունները ցույց կտան իրավիճակը, եւ արդյունքում մենք կտեսնենք՝ ինչ հանգուցալուծում է լինելու, միայն թե չասեն ընտրությունները կեղծել են, այն էլ Սյունիքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
«Կտեսնենք ընտրությունների արդյունքում ինչ բաշխվածություն կլինի, որից հետո կկարողանանք գնահատականները տալ: Իսկ այսօր նկատվող գռեհիկ պահվածքը նպատակ ունի ընտրություններում հավանական վախի մթնոլորտ ստեղծելու եւ փորձել ճնշումներով ընտրողների վրա ազդել, որ հասնեն իրենց նպատակին, բայց դա տեղի չի ունենա»,-ասաց նա:
Հարցին, թե չի կարծո՞ւմ, որ շատ լարված քարոզարշավ է լինելու՝ հաշվի առնելով նաեւ Սյունիքի դեպքերը, Աղազարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այդ լարվածությունն օր-օրի թուլանում է: Այդուհանդերձ կլինի լարված քարոզարաշավ, ընտրություններում էլ որոշակի լարվածություն կլինի, բայց այն գործելաոճը, որ որդեգրել են մեր իրավապահ մարմինները, այստեղ նույնպես կհաջողեն»:











