Իռլանդիայում Փոլ Քլերլիին հաջողվել է հսկա շնաձկների հոտ նկարահանել: Նա հատուկ որոնել է նրանց եւ, ի վերջո, գտել Կորկում՝ Հալլի Հեդի մոտակայքում: Տեսանյութում երեւում են «առնվազն ութ» շնաձկներ՝ բաց երախով, որոնք լողում են հենց Քլերլիի նավի տակ:
Սակայն այն, ինչ կոչվում է գիշատիչ գազանների հոտ, իրականում քաղցած հսկաների անվնաս խումբ է:
Դա հսկա շնաձուկ է՝ կետային շնաձկից հետո օվկիանոսում երկրորդ ամենամեծ ձուկը, որի երկարությունը կարող է հասնել ավելի քան 13 մետրի, իսկ քաշը՝ 4500 կիլոգրամի:
Ոմանց համար սարսափելի, մյուսների համար գրավիչ այս շնաձկներն իրենց օրերն անցկացնում են օվկիանոսի մակերեւույթի մոտ լողալով՝ աներեւակայելիորեն մեծ բաց բերաններով, զտելով ծովային ջուրը եւ զոոպլանկտոն որոնելով։ Մի ժամում դրանք կարող են մինչեւ 4 միլիոն լիտր ջուր ֆիլտրել:
Թեեւ հսկա շնաձկները միս չեն սիրում, դրանք, այնուամենայնիվ, որոշակի վտանգ են ներկայացնում մարդկանց համար: Հայտնի է, որ նրանց հղկաթուղթ հիշեցնող մաշկը կարող է վնասել ջրասուզակներին եւ հետազոտողներին:
Շնաձկան մաշկը ծածկված է մաշկային ատամիկներով, որոնք նման են այլ ձկներին բնորոշ փոքրիկ V-աձեւ թեփուկների՝ այն տարբերությամբ, որ դրանք «գրանիտի պես կարծր եւ պողպատի պես ամուր են»: Դրանց իրական նպատակը ջրի մեջ «դիմադրությունն ու անկայունությունը նվազեցնելն է», որպեսզի շնաձկները կարողանան ավելի արագ եւ հանգիստ լողալ:











