Մեզ համար ընտրություններին նախապատրաստվելն առաջնային նշանակություն ունի, ուստի նպատակահարմար չենք գտնում դիմել Սահմանադրական դատարան այն փաստով, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնանկությունից հետո ստանձնել է վարչապետի պաշտոնակատարի գործառույթները: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ձայները դեռ բավարար չեն, իսկ ամբողջ գործընթացը երկար կտեւի: «Նախքան այս հարցի վերաբերյալ որեւէ եզրակացություն անելը, ես բոլորին, այդ թվում` Հայաստանի առաջին նախագահին, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ փաստաբանների կողմից հնչեցված բոլոր մոտեցումներին, որովհտեև այս հարցի հետ կապված չկա որոշակիություն և կա երկակի կարծիք, և մնացած խոսակցությունները ԲՀԿ–ին, ԼՀԿ–ին, քաղաքական ուրիշ ուժերին ինչ–որ գործընթացների մեջ մեղադրելու մեջ միտում եմ տեսնում։ Կարծում եմ, որ այդ մարդիկ սպասարկում են այլ օրակարգեր, և շատ լավ կլիներ, որ բավարար անկեղծություն ունենային՝ ասելու, թե իրենք ինչ օրակարգեր են սպասարկում»,- ասաց պատգամավորը:











