Տվյալ պահին մենք չենք քննարկում կոալիցիայի ձեւավորման հարցը, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն հուս ունի ինքնուրույն հավաքել ձայների մեծամասնությունը: «Մեր կուսակցությունն ավարտին է հասցնում նախընտրական ծրագրի, ցուցակների մշակումը: Աշխատանքին անձամբ մասնակցում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,-հավելեց նա:
Պատգամավորը պարզաբանեց, որ հունիսի 20-ի ընտրություններում կուսակցությունը վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին՝ հաղթանակի հույսով:
Ինչ վերաբերում է մայիսի 3-ի ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ կորոշվի վարչապետի ընտրության հարցը, Տոնոյանի խոսքով, անակնկալներ չեն լինի, ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրի: «Իշխանության հետ որեւէ համաձայնություն չկա, իսկ նրանք, ովքեր դրանում մեղադրում են կուսակցությանը, սպասարկում են այլ օրակարգեր: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա մենք մինչեւ վերջին օրը ակտիվ մասնակցել ենք եւ միշտ ասել, որ ակցիաները եւ ընտրություններին պատրաստվելը միմյանց չեն խանգարում: Ավելին, Շարժումից ոչ ոք մեզ ոչնչում չի մեղադրում: Իսկ հանրահավաքներին Ծառուկյանի բացակայությունը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով»,-եզրափակեց նա:











