Ես առաջին նախագահին խորհուրդ կտայի փոխել իր իրավական խորհրդատուներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոր Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որտեղ նա հակասահմանադրական էր անվանել այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո մնացել է վարչապետի պաշտոնակատար:
«Ես նաեւ տեսել եմ, որ նա հղում է արվում մեկ այլ անձի, որն իր իրավական խորհրդատուն չի եւ առհասարակ իրավաբան չէ: Ես ցավում եմ, որ առաջին նախագահն, իմ կարծիքով, ընտրություններին չմասնակցելու առիթ փնտրելով ստիպված է լինում հղում անել նմանատիպ գործիչների: Ինչեւէ, դա իր որոշելիքն է»,-ասաց նա:
«Իմ քայլի» պատգամավորը հավելեց, որ արդեն տեւական ժամանակ ի մոտ տպավարություն է, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծ մասի մոտ ցանկություն կա մասնակցել ընտրություններին, բայց նրանք գնահատելով, որ շատ փոքր շանսեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու եւ ԱԺ մտնելու այն պարագայում, երբ ընտրություններին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, փորձում են ամեն կերպ չեզոքացնել նրան քաղաքական ասպարեզից:
«Դրա համար փորձ են անում նրան դուրս թողնել ընտրական գործընթացներից՝ հուսալով, որ գոնե այդ պարագայում կկարողանան ինչ-որ մի տեղ զբաղեցնոել խորհրդարանում: Այս դրսեւորումն էլ այդ շթղայի մի մասն է:
Առհասարակ կարծում եմ, որ եթե որեւէ քաղաքական ուժ չմասնակցի ընտրություններին, այդ դեպքում գուցե ՀԱԿ-ի շանսերը ԱԺ-ում մեծամասնություն կազմելու, նկատելիորեն կավելանա, բայց վերադառնանք իրականություն, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ընտրություններին եւ թող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր վարկանիշի չափով փորձի համոզել քաղաքացիներին իրենց ձայն տալ»,-ասաց նա:
Ջուլհակյանը հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից սա երկրորդ փորձն է, ժամանակ առաջ նա էլի փորձ էր անում Նիկոլ Փաշինյանին ասպարեզից հեռացնել. «Ինձ մոտ տպավորություն է, որ դա ընտրություններում հաջող մասնակցության հնարավորություն ստանալու նպատակադրմամն, ինչը այնքան էլ ազնիվ չէ:Եթե նման նպատակ ունեն, կարող են ազնիվ խոսել դրա մասին, այլ ոչ թե խուճուճ ձեւակերպումներ անել:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը որպես պաշտոնակատար հակասահմանադրական է, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Որեւէ իրեն հարգող իրավաբան չի կարող նման բան ասել: Եթե հետեւել եք դաշտում գործող եւ իրավաբանական հանրույթում հեղինակություն ունեցող իրավաբանների ձեւակերպումներին այս առումով, նրանք չնայած այն բանին, որ խորը հակասություններ ունեն մեր քաղաքական ուժի հետ, այդուհանդերձ Սահմանադրության հետ կապված, պաշտոնավարումը շարունակելու հետ կապված խնդիրներ չեն տեսնում: Ես որպես օրինակ կբերեմ Կիմ Բալայանին, Գրիգոր Մուրադյանին: Վստահ եմ, որ այլ իրավաբաններ եւս այդ կարծիքը կկիսեն: Մեր քաղաքական թիմի իրավաբանները եւս ունեն հստակ դիրքորոշում, որ այստեղ Սահմանադրականության որեւէ խնդիր չկա»:
Հիշեցմանը, որ դեռեւս 2018-ին հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, Թագուհի Ջուլհակյանն ասաց. «Ես վարչապետի ամբողջ ելույթը չեմ լսել, միայն մամուլում տարածվող այդ մի նախադասությունն եմ լսել, որտեղ նա ասում է, որ նման խնդիր կա եւ հղում է անում իրավաբաններին, որոնց հետ խորհրդակցել է: Ինչեւէ, իմ եւ մեր քաղաքական թիմի դիրքորոշումն այն է, որ սահմանադրականության խնդիր այս պահին չունենք: Այն ժամանակ գուցե վարչապետը սխալվել է կամ իրեն խորհուրդ տող իրավաբանները:
Ջուլհակյանը հիշեցրեց, որ երբ 2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, եւ ենթադրվում էր, որ ինքը պետք է լիներ պաշտոնակատար, Կառավարությունը կայացրել է որոշում, որտեղ նշել է, որ կա անհնարինություն Սերժ Սարգսյանի պաշտոնակատար լինելու:
«Դասական իմաստով այստեղ հրաժարական չկա, սա մեխանիզմ է արտահերթ ընտրությունների գնալու: Մենք արտահերթ ընտրությունների գնալու այլ մեխանիզմ չունենք, քան վարչապետի հրաժարականը եւ երկու անգամ վարչապետ չընտրելը: Դրա համար է հրաժարականի անհրաժեշտություն առաջացել: Բայց նաեւ նշեմ, որ Սահմանադրությունը հստակ ամրագրում է, որ երբ վարչապետը հրաժարական է տալիս կամ անհնարինություն կա վարչապետի պաշտոնավարման, կամ երբ ԱԺ-ն անվստահություն է հայտնում կառավարությանը, կամ ծրագիրը չի հաստաստում, այդ դեպքերում կառավարությունն իր ողջ կազմով շարունակում է պաշտոնավարումը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Իսկ քանի որ կառավարության մեջ մտնում է նաեւ վարչապետը, ապա ստացվում է, որ նա նույնպես շարունակում է պաշտոնավարել»:











