Ով էլ առաջադրվի ընտրություններին, միևնույնն է, պայքարը գնալու է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
«Անկեղծ ասած, ինձ համար էլ դեռ անհասկանալի, թե ով է ֆավորիտը։ Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում և ինչ քաղաքացիական բախումների ալիքներ են լինելու: Եթե Սյունիքի դեպքերից 20 հատ էլ կրկնվի, արդեն պարզ է՝ ընտրությունների գաղջը ոնց է տարածվելու Հայաստանում, և դժվար կլինի ժողովրդին համոզել գնալ ընտրությունների: Նմանատիպ օջախ ունենք Գյումրիում, որտեղ պարբերաբար կրկնվում է գերիների, անհետ կորածների հարազատների ակցիաները, որին պատասխան չի տրվում։ Մի փոքր օջախ էլ Վարդենիսում ունենք, պատկերացրեք այդ օջախներ ալիքից հետո ինչ կկատարվի, եթե իշխող ուժը, որն ունի 80 % ձայն, տարբերակ գտնի խուսափելու ընտրությունների գնալուց՝ հաստատ անելու է»,- նշեց նա։
Աթաբեկյանի խոսքով՝ ինքը, 90 % հավանականությամբ, չի մասնակցի ընտրություններին․ «Քաղաքական ընտրությունների մեկնարկը դեռ չի տրվել։ Քաղաքական ուժերը տեսակետներ չեն հայտնել, որ հասկանաս, որ քաղաքական ուժին պետք է սատարել՝ այս իրավիճակից դուրս գալու համար»։
Վարդան Աթաբեկյանը համաձայն է այն տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի անդամներին չի վստահում։ Ըստ Աթաբեկյանի՝ իշխող ուժի թիմում չկա որևէ մեկը, որն ունի Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը և կարողությունները։
«Նիկոլ Փաշինյանին, երբ որ տալիս ես ամբիոն ինքը կարողանում է բոլոր մտքերն այնպես ձևակերպել, որ ժողովրդին կարողանա հասանելի դարձնել իր այլ նպատակը։ Կարողանում է մի բան ասել հետո բացատրել, թե ինչու դա չի արել։ Իրեն ոչ մեկը չի հաղթի այդ դաշտում։ Երբ խոստանում ես ու քեզ հավատում են, նշանակում է՝ հավատում են, որ կարող ես տալ խոստացածդ։ Հասարակության վստահությունը կարող ես չարաշահել ու դրա հիմքում լինի նախկինների պահվածքը։ Ցավոք, սրտի դա աշխատում է։ Վստահություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց մարդիկ կան, որոնք դեռ հավատում են։ Վստահությունը գալիս է փաստարկների դաշտի ուսումնասիրությունից, իսկ հավատալը բոլորովին այլ բան է։ Իմ կարծիքով՝ եթե ընդդիմությունը Բաղրամյանում մի քիչ ավելի ճիշտ ու գրագետ քայլեր աներ, լուրջ հաջողություն կունենար»,- ասաց Վարդան Աթաբեկյանը։











