Պետք է երկու կողմից լինի չեզոք գոտի, որտեղ շփումը կբացառվի, առավել եւս բնակիչների եւ հակառակորդ կողմի զինծառայողների միջեւ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

«Ոնց կարող ենք ասել անվտանգ է, եթե այդ ամենը դեռ ընթացքում է գտնվում, դեմարկացիա չունենք, դելիմիտացիա չունենք , սահմանի վերաբերյալ պայմանագիր չունենք: Բնականաբար, ասել, որ բոլոր միջադեպերը կանխված են եւ կկանխվեն, ֆանտաստիկայի ոլորտից է: Դրա համար  ծառայություն է իրականացվում, որ նման բաները կանխվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ չեզոք գոտու մեկ կմ-անոց շերտը ամեն երկիրն իր տարածքի հաշվին է անում:

«Թուրքիայի հետ սահմանին մենք ունենք այդօպիսի շերտ եւ բնականաբար, դա մեր տարածքի հաշվին է: Այս հարցերը մեկ օրվա մեջ չեն լուծվում: Մենք չենք կարող ասել, որ ռազմաքաղաքական իրավիճակն այդ հատվածում հանգիստ է, ռիսկեր եւ մարտահրավերներ չի պարունակում: Բնական է, որ այս պայմաններում բնակիչների մոտ կարող են անհանգստություններ լինել»,-ընդգծեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Ստեփան Մելքոնյանի խոսքով ոչ միայն Սյունիքի հատվածով, այլ ամբողջ բնագծով դիրքավորված են եւ մեր պաշտպանական զորքերը, եւ Ադրբեջանի պաշտպանական զորքերը. «Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չի: Մենք այսօր ունենք 520 կմ բնագիծ, որն ուղղակի դիրքավորված ենք: Երբ որ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմաի հանձնաժողով ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ կմոտենանք դեմարկացիային, դելիմիտացիային եւ ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանային ինժեներական կառույցները»:

Հարցին, թե նման բանի համար հիմքեր տեսնո՞ւմ է, Ստեփան Մելքոնյանն արձագանքեց. «Դա ոչ ոք հիմա չի կարող ասել, որովհետեւ դա միակողմանի չէ: Դա կապված է նաեւ մեր հարեւանների վարքագծից: Այսօր ընդամենը ուսումնասիրություններ են արվում, որ ռազմաքաղաքական իրավիճակը երկու կողմերից հանդարտվի: Դա ամենօրյա աշխատանք է պահանջում»:

ԱԱԾ տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ այսօր կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է սահմանային դելիմիտացիայի հարցերը: «Այսինքն տարբեր տարիների քարտեզները, որի հետ համադրում ենք մեր շահերը, գերատեսչությունների մոտեցումները, որպեսզի ձեւավորենք մեր մոտեցումները: Այդ հանձնաժողովը գործում է ԱԳՆ-ի հովանու ներքո»: