Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող գյուղատնտեսության խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների աշխատանքից զրկված քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում իր պահվածքով մի քանի անգամ հունից հանեց ցուցարարներին։ Նախ նա արցախյան վերջին պատերազմում զոհված տղաներին անվանեց «մեռած երեխեք»։
«Պատերազմից եկել ու դարձել եմ նախարար։ Ու այդ ժամանակ ինքս ինձ խոսք եմ տվել, որ աշխատելու եմ այնպես անել, որ մեռած երեխեքի համար ստեղծեմ ուժեղ երկիր»,- նշեց նա։
Հակադարձմանը, որ նախարարը կրճատում է զոհված տղաների հարազատներին, Քերոբյանն ասաց․ «Ցանկացած մարդ մեր երկրում մեռած երեխու հարազատ է»։
Ակցիայի մասնակիցներից մեկը , հունից դուրս գալով, դիմեց Քերոբյանին. «Իրենք մեռած չեն, մեր երեխեքն են, մեր հերոսներն են։ Իրենք մեր հերոսներն են, ուղղակի մեզնից հեռու են, բայց մեզ հետ են։ Հերոսը չի մեռնում»։
Նախարարը դրան պատասխանեց․ «Ես իմ աշխատանքով անելու եմ այնպես, որ իրենց հիշատակը վառ լինի, և դա պետք է լինի հզոր տնտեսություն կառուցելով»։
Քերոբյանը հանդիպման ամբողջ ընթացքում համոզում էր, թե Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր կան, ավելին կրճատված աշխատակիցներին ուղղորդեց դեպի Գեղարքունիք եւ Մարալիկ, որտեղ իր պնդմամբ, աշխատանքի պակաս չկա։ Դրան ի պատասխան՝ ակցիայի մասնակիցներից մեկը հակադարձեց. «Մեր գյուղում մի գյուղապետարան ա, մանկապարտեզ ու դպրոց, ես ո՞ւր աշխատեմ, անչափահաս երեխաներ ունեմ, ո՞նց եմ պահելու»։
Ի պատասխան բողոքի մասնակիցների հնչած քննադատությունների՝ Քերոբյանը նշեց, որ արտադրողականությանն ուղղված ցանկացած գործողություն նշանակելու է տվյալ տեղերի աշխատատեղի կրճատում․
«Իսկ այդ աշխատատեղերի փոխարեն ստեղծվելու են նոր աշխատատեղեր։ Գեղարքունիքում լիքը աշխատատեղեր կան։ Այն աշխատանքը, որը դուք անում եք, պետք է լինի այլ կերպ։ Դիմեք, աշխատեք։ Մարալիկում ընկերս ասաց՝ ինչքան մարդ լինի կընդունեմ աշխատանքի տեքստիլում։ Իսկ իմ ընկերները հարուստ մարդիկ չեն, սովորական գյուղացիներ են»,- ասաց Վահան Քերոբյանը։
Նախարարի պաշտոնակատարը, որը մինչեւ պաշտոնի նշանակվելը զբաղվել է բիզնեսով, նույնիսկ հպարտացավ՝ եղել է ժամանակ, երբ ինքը մեկ օրում 800 աշխատակից է կրճատել։ Հանդիպումն այդպես էլ արդյունք չտվեց, Քերոբյանը, առանց հստակ պատասխաններ տալու, հեռացավ, ինչն էլ բարկացրեց ցուցարարներին. «Ձեր ու հների մեջ տարբերություն չկա։ Նրանք էլ էին ձեր նման անում»։











