Համացանցում է հայտնվել կրոնական տոնի ժամանակ Իսրայելում տեղի ունեցած հրմշտուքի տեսանյութը: Անցած գիշեր Մերոն լեռան վրա հրմշտուքի զոհ է դարձել 44 մարդ: Ըստ ոստիկանության եզրակացության` մի քանի մարդ ընկել է աստիճաններին` «մարդկային հեղեղ» ստեղծելով. ամբոխը սկսել էր շրժվել եւ զանգվածային հրմշտուք էր սկսվել, հայտնում է «Իններորդ ալիքը»:

Ականատեսների խոսքով` մարդիկ ընկնում էին միմյանց վրա, ներքեւում գտնվողները բղավում էին, որ չեն կարողանում շնչել: Կա 44 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր: 38 մարդ զոհվել է տեղում, եւս վեցին փորձել են փրկել հիվանդանոցներում, սակայն` ապարդյուն: Այս պահին 23 տուժած ծանր վիճակում է:

Առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ երեկ գիշերվանից իր բաժանմունքն ուշադիր հետեւում է իրադարձություններին, եւ հստակեցրել է, որ «հիվանդանոցներն ու փրկարարական կազմակերպություններն անում են ամեն ինչ` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում` այս պահին»:

«Մերոն լեռան վրա լուրջ աղետ է տեղի ունեցել,- ողբերգությունը մեկնաբանել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն:- Մենք բոլորս աղոթում ենք վիրավորների ապաքինման համար»: