Այն թեզը, որ եթե Սահմանադրությունը չի արգելում, ապա պաշտոնյան կարող է շարունակել զբաղեցնել պաշտոնը, անընդունելի է, քանի որ «թույլատրվում է ամեն ինչ, ինչ արգելված չէ օրենքով» սկզբունքը պաշտոնյայի համար չի գործում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ով ստանձնել է վարչապետի պաշտոնակատարի պարտավորությունները: Նա հավելեց, որ պաշտոնյան կատարում է իր գործառույթները բացառապես Սահմանադրության եւ օրենքների ու նորմերի հիմքով:
«Վարչապետի հրաժարականի դեպքում խոսք լինել չի կարող գործադիր իշխանության վակուումի մասին, քանի որ հիմնական գործառույթները կատարում է ոչ թե վարչապետը, ինչպես շատերը կարծում են, այլ կառավարությունը: Ավելին, 5 դեպքից երկուսում այդ պատշոնը մնում է թափուր»,-նշեց Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ վարչապետի գործառույթները կարող է իրականացնել փոխվարչապետը: Ինչ վերաբերում է 2018 թվականի ապրիլի 23-ի իրադարձություններին, ապա դասական տեսանկյունից հրաժարական, նախկին նախարարի գնահատմամբ չի եղել, այլ եղել է հայտարարություն լիազորությունների դադարեցման մասին, որից հետո հետեւել է կառավարության որոշումը:
«Դա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունն այն մասին, որ վարչապետը հրաժարականից հետո չի կարող կատարել իր գործառույթները, անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը այն չէր իրականացնում: Ինչ վերաբերում է 2018 թվականի աշնանը տեղի ունեցած իրադարձություններին (2018 թվականի հոկտեմբերի 2-խմբ.) ապա դրանք շատ փորձագետներ որակում են որպես հակասահմանադրական»,-եզրափակեց Դանիելյանը:











